Բլոգեր Լապշինի արտահանձնումը դեռ հնարավոր չէ. փաստաբան
Բաքվում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը դեռ հնարավոր չէ: Դատարանի որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, իսկ պաշտպանությունը դեռ որոշում չի կայացրել բողոքարկում ներկայացնելու մտադրության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա (արտահանձնումը) հնարավոր չէ մինչև դատարանի որոշումն ուժի մեջ չմտնի: Լապշինի նկատմամբ դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել: Այդ պատճառով նա դեռ պահվում է Բաքվի առաջին քննչական մեկուսարանում: Հաջորդ շաբաթ ես կհանդիպեմ նրան: Հանդիպումից հետո պարզ կդառնա, թե արդյոք դատարանի որոշման բողոքարկում կներկայացվի: Դեռ Լապշինն այդ առնչությամբ ոչ մի որոշում չի կայացրել»,- ասել է Չերնինը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը կնախաձեռնի Ադրբեջանում ազատազրկված բլոգեր Լապշինի արտահանձնումը ՌԴ-ին, եթե նա դիմի այդ խնդրանքով: Արդարադատության նախարարությունում պարզաբանել են, որ փոխանցման պայմանների թվում են դատավճռի ուժի մեջ մտնելը և դատապարտյալի համաձայնությունը:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հինգշաբթի բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշված է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:
Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատախազը խնդրել էր Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։










