Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման

16:08 • 25.07.17

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դատավճիռը: Նա դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

«ՎՏԲ բանկից շորթման համար Անի Հովհաննիսյանն անմեղ ճանաչվեց, դատարանը Անի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով և դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման»,-ասաց Սիմոնյանը:

Վերջինս հայտնեց, որ դատավճիռն անպայման բողոքարկվելու է:

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նշենք, որ Անի Հովհաննիսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 3-ին: Հետևաբար, ըստ դատավճռի՝ նա ազատ կարձակվի 3 ամսից:

Անի Հովհաննիսյանը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման