Բաքվում ՌԴ դեսպանատունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դատապարտված բլոգեր Լապշինին
Բաքվում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինին, եթե նա արտահանձնման մասին դիմում ներկայացնի: Այս մասին ria.ru-ին հայտնել է ՌԴ դեսպանատան մամուլի խոսնակ Դենիս Ապաշկինը:
«Դեսպանատունը կապի մեջ է Ա. Լապշինի փաստաբանի և նրա բարեկամների հետ: Մենք մեզ իրավասու չենք համարում մեկնաբանել ադրբեջանական դատարանի կայացրած վճիռը: Դեսպանատունը կշարունակի իր լիազորությունների շրջանակում մասնակցել Ա. Լապշինի իրավունքների պաշտպանության գործին»,-ասել է Ապաշկինը:
Մեկնաբանելով բլոգերի հնարավոր արտահանձնումը Ռուսաստան՝ նա հիշեցրել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքվել է դատապարտյալների վերաբերյալ պայմանագիր, որը թույլ է տալիս պատիժը կրել տվյալ դատապարտյալի քաղաքացիության երկրում:
«Եթե Ա. Լապշինը ցանկանա օգտվել պայմանագրի առաջարկած հնարավորությունից, ապա դեսպանատունը նրան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի»,-ընդգծել է Ապաշկինը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինն ասել է, որ իր պաշտպանյալի արտահանձնումը դեռևս հնարավոր չէ: Դատարանի որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, իսկ պաշտպանությունը դեռ որոշում չի կայացրել բողոքարկում ներկայացնելու մտադրության վերաբերյալ:
«Դա (արտահանձնումը) հնարավոր չէ մինչև դատարանի որոշումն ուժի մեջ չմտնի: Լապշինի նկատմամբ դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել: Այդ պատճառով նա դեռ պահվում է Բաքվի առաջին քննչական մեկուսարանում: Հաջորդ շաբաթ ես կհանդիպեմ նրան: Հանդիպումից հետո պարզ կդառնա, թե արդյոք դատարանի որոշման բողոքարկում կներկայացվի: Դեռ Լապշինն այդ առնչությամբ ոչ մի որոշում չի կայացրել»,- ասել էր Չերնինը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը կնախաձեռնի Ադրբեջանում ազատազրկված բլոգեր Լապշինի արտահանձնումը ՌԴ-ին, եթե նա դիմի այդ խնդրանքով: Արդարադատության նախարարությունում պարզաբանել են, որ փոխանցման պայմանների թվում են դատավճռի ուժի մեջ մտնելը և դատապարտյալի համաձայնությունը:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն անցած հինգշաբթի բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշված է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:
Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատախազը խնդրել էր Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։










