Զարգացման եվրասիական բանկն առաջարկել է արժույթ ստեղծել ԵԱՏՄ-ի համար. «Իզվեստիա»

13:27 • 26.07.17

Զարգացման եվրասիական բանկը ԵԱՏՄ-ի անդամ երկրների կենտրոնական բանկերին առաջարկել է ստեղծել տարածաշրջանային հաշվարկային դրամական միավոր՝ Եվրոպայում մինչ եվրոյի գործարկումը 1979-1998 թվականներին օգտագործվող ECU-ի նմանությամբ: Այդ մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:


«Կան մի շարք գործիքներ, որոնք մենք առաջարկում ենք քննարկման համար դրամային կարգավորիչներին, հիմնականում՝ երկարաժամկետ հեռանկարով: Օրինակ՝ գործարքային տարածաշրջանային դրամական միավոր՝ խոսքը միասնական արժույթի մասին չէ, այլ գործիքի, որը թեթևացնում է փոխադարձ հաշվարկները»,- ասել է Վինոկուրովը:


Տարածաշրջանային դրամական միավորը հարկավոր է նախևառաջ առևտրային հոսքերը սպասարկելու համար, դա կարող է լինել «Մետաքսե ճանապարհի հաշվարկային միավորը», հայտարարել է Եվգենի Վինոկուրովը:


Ընդ որում՝ խոսքն այլ երկրների ֆինանսական տեխնոլոգիաները կրկնօրինակելու մասին չէ, «Իզվեստիա»-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության բաժնի տնօրեն Տիգրան Դավթյանը:


«Հեռանկարում եվրասիական հաշվարկային միավորի ներդրումը կարող է նպաստել անդամ պետությունների բնակիչների միջև փոխադարձ առևտրում ազգային արժույթների մասնաբաժնի մեծացմանը, ինչպես նաև արժութային ռիսկերի ավելի արդյունավետ կառավարմանը և փոխադարձ հաշվարկներում գործարքային ծախսերի նվազմանը»,- ասել է նա:


Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մոտ լրատվամիջոցի աղբյուրը պատմել է, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրների կենտրոնական բանկերը պատրաստ են դիտարկել այդ առաջարկը:


Այնուամենայնիվ, նրա խոսքով, Ռուսաստանի բանկում կարծում են, որ տարածաշրջանային դրամական միավորի դերը պետք է կատարի ռուբլին: