Բլոգեր Լապշինն արտահանձնման հարցով դիմել է Ադրբեջանի արդարադատության նախարարություն
Ադրբեջանում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման հարցով դիմել է Ադրբեջանի արդարադատության նախարարություն: Այդ մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:
«Նա ցանկություն է հայտնել իր նկատմամբ սահմանված ժամկետն անցկացնել Իսրայելում: Այդ առնչությամբ նա դիմում է գրել և այն ներկայացրել է մեկուսարանի ղեկավարին, ով այդ դիմումը կներկայացնի Արդարադատության նախարարություն»,- ասել է փաստաբանը:
Հաղորդվում է, որ Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է բողոքարկել դատարանի կայացրած դատավճիռը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը հուլիսի 26-ին հանդիպել է Իսրայելի դեսպանության ներկայացուցչի հետ և դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն արտահանձնել Իսրայելին։
Ադրբեջանի արդարադատության նախարարության՝ մարդու իրավունքների և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆաիգ Ղուրբանովն, իր հերթին հայտարարել է, որ Լապշինի դիմումը կարող է քննվել միայն նրա հանդեպ կայացված դատական որոշման ուժի մեջ մտնելուց հետո։
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշված է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:
Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատախազը խնդրել էր Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։










