Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության բացահայտման համար ոստիկանությունն անհրաժեշտ տեղեկություն է ձեռք բերել

15:25 • 27.07.17

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանի մահվան հանգամանքները պարզվել են: Tert.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները Դալարիկի ձորում սպանված հայտնաբերված Մանուկ Սիմոնյանի սպանության հանգամանքները պարզող և հանցագործությունը բացահայտող անհրաժեշտ տեղեկություններ են ձեռք բերել:

Tert.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեց պարզել, թե հանցագործությունը բացահայտվե՞լ է և կա՞ կասկածյալ. ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկությունները ոչ հերքեց, ոչ հաստատեց. «Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, և քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, Արմավիր-Դալարիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի: Պարզվել էր, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի 52-ամյա խորհրդական Մանուկ Սիմոնյանն է, որը հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած:  

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն: