ԱՄՆ Սենատը, հավանություն տալով ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներին, անհարմար դրության մեջ է դրել Թրամփին. Reuters

09:57 • 28.07.17

Միացյալ Նահանգների Սենատը, հավանություն տալով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներին, նախագահ Դոնալդ Թրամփին դրել է անհարմար դրության մեջ ու փաստացի ստիպել նրան կամ ավելի կոշտ դիրքորոշում ունենալ Մոսկվայի նկատմամբ, կամ էլ վետոյի իրավունք կիրառել օրինագծի դեմ՝ բարկացնելով հանրապետական կուսակիցներին:

Ինչպես նշում է Reuters-ը, Սենատի կողմից ընդունված օրինագիծն ի չիք դարձրեց Թրամփի բոլոր հույսերն առ այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարելի է կարգավորել:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր պատժամիջոցները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին ու Հյուսիսային Կորեային: Փաստաթուղթն ընդունվել է ձայների 98 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ: Հետաքրքրական է, որ օրինագծին ակտիվ աջակցություն են հայտնել ոչ միայն դեմոկրատները, այլև հանրապետականները:

Օրինագիծը, որի դրույթներից մեկի համաձայն՝ Թրամփը հնարավորություն չի ունենա մեղմել նախկինում Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, այժմ ուղարկվելու է Սպիտակ տուն, որպեսզի Թրամփը կա՛մ ստորագրի, կա՛մ վետո կիրառի դրա դեմ:

Աղբյուրը նկատում է, որ սա Թրամփի կառավարման օրոք Կոնգրեսի կողմից Ռուսաստանի դեմ ընդունված առաջին կարևոր փաստաթուղթն է: