Հնդկաստան-Շրի Լանկա չվերթի ժամանակ անձնակազմը մարել է հեռախոսի մարտկոցի հետևանքով առաջացած բռնկումը

21:56 • 31.07.17

«SriLankan Airlines» ավիաընկերության անձնակազմը մարել է բռնկումը, որը ծագել է Հնդկաստանից Շրի Լանկա ուղևորվող ինքնաթիռում. բռնկման պատճառը բջջային հեռախոսի մարտկոցն է եղել: Այս մասին հայտնում է FP գործակալությունը՝ հղում անելով ավիափոխադրողին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել 202 ուղևոր տեղափոխող ինքնաթիռում: Անձնակազմի անդամները նկատել են, որ ուղեբեռի վերևի դարակից ծուխ է բարձրանում: Կրակմարիչի օգնությամբ բռնկումը մարելու անհաջող փորձերից հետո անձնակազմի անդամները ջրի մեջ են դրել ուղեբեռը՝ կարծելով, որ պայուսակի մեջ կարող էր բռնկվել լիթիումային մարտկոցը:

«Ծուխը դադարել է բարձրանալ պայուսակից: Անձնակազմի անդամները լիթիումային մարտկոց և երկու բջջային հեռախոս են հայտնաբերել պայուսակի մեջ», - հաղորդել է ավիափոխադրողը:

Ավիաընկերությունը չի հայտնել հայտնաբերված հեռախոսների մոդելները: Միջադեպի հետաքննությունը շարունակվում է: