«Արի տուն» ծրագրին մասնակցող ստամբուլահայ երեխաները լքել են նախագիծն ու վերադարձել Թուրքիա՝ իրենց հանդեպ խտրական վերաբերմունքի պատճառով
Հայաստանում այս օրերին շարունակվում է Սփյուռքի նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող և այս տարվա հունիսից մեկնարկած «Արի տուն» ամառային ծրագիրը, որն, ինչպես պարզվում է, այս անգամ այդքան էլ հարթ չի ընթանում:
Օրերս հայտնի է դարձել, որ ծրագրին մասնակցող Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները լքել են «Արի տուն»-ն ու վերադարձել Ստամբուլ:
Tert.am-ը կապ հաստատեց ստամբուլյան թիմի ղեկավար Ղազար Սաբունջուի հետ, ով հաստատեց պոլսահայ երեխաների՝ Հայաստանում խտրական վերաբերմունքի ու ազգային հողի վրա վիրավորանքների արժանանալու և Ստամբուլ վերադառնալու մասին լուրերը:
«Երեխաների միջև ծագած վեճն ամբողջովին մանկական, անհարկի թեմաների շուրջ է եղել, որը կարելի էր հարթել համապատասխան ճիշտ աշխատանքի շնորհիվ, ինչը չի արվել կազմակերպիչների կողմից: Մեր խնդիրն ու հեռանալու պատճառը ոչ թե մեզ հետ վիճած մասնակիցներն են, այլ Սփյուռքի նախարարության, չնայած մեր բոլոր զգուշացումներին, անտարբեր ու կողմնակալ մնալու փաստը», - Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ստամբուլի թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն:
Նշվում է, որ Թուրքիայի թիմի երեխաներից մեկի և Ուկրաինայից ժամանած մասնակիցներից մեկի միջև վեճին ավելի ուշ մասնակցել է վերջինիս ընտանիքը, սակայն նախարարությունը բավականին երկար ժամանակ անհաղորդ է մնացել, մինչև որ խնդիրը չի ընդունել ավելի լայն մասշտաբներ:
Ըստ Սաբունջուի՝ կազմակերպիչների անտարբերության պատճառով վեճը վերաճել է լուրջ խնդրի՝ ստեղծելով անառողջ մթնոլորտ երեխաների միջև:
«Անհաշվելի անգամներ զգուշացումներ եմ հղել պատասխանատու մարմիններին, ցանկացել ենք հանդիպել նախարարի հետ, միշտ ասել են՝ տեղում չէ: Երեխաների ապահովության համար ստիպված եմ եղել տանել նրանց Վանաձոր՝ Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մոտ: Սրբազանը բացեց իր դռները մեր առաջ: Ավելի ուշ՝ սփյուռքի նախարարի հետ մեր հանդիպման ժամանակ, տիկին Հրանուշ Հակոբյանն ինքն անձամբ խնդրի վերաբերյալ զանգահարեց սրբազանին, խոսեց: Իսկ թե հարցի լուծման համար տիկին Հակոբյանն ինչ է ձեռնարկում հիմա՝ տեղյակ չեմ: Ծրագրի հերթական փուլի փակմանը մենք չկայինք արդեն, բայց առանց մեր իմացության Թուրքիայի թիմի պաստառով մարդ է կանգնել, որը մեր թիմից չէ: Փորձել են դեպքը կոծկել: Ի՞նչ կարիք կա նման կեղծարարության: Ուզում եմ շեշտել, որ մեր միակ նպատակն է կանխել նմանատիպ դեպքերի հնարավոր կրկնությունն ապագայում»,-ասաց Սաբունջուն:
Հարցին, թե խնդիրն ու ստացած բացասական վերաբերմունքը զուտ անձնական մակարդակի վրա են տեսնում, թե միտում են նկատում իրենց դեմ Թուրքիայի քաղաքացիներ լինելու պատճառով, Սաբունջուն նշեց.
«Խնդիրն էլ հենց դա է: Մեզ ցավեցնողը հենց այդ էր: Անձնական հողի վրա ծագած վեճը Հայաստանում վերածվել է «Թուրքիայի հայերի» թեմայով մի մեծ սկանդալի»:
Նա շեշտեց, որ իրենց խմբի երեխաների հասցեին հնչած վիրավորանքներն ու վատ վերաբերմունքը կանխելու, դեպքն ուսումնասիրելու փոխարեն՝ իրենց հետ վիճաբանության բռնված թիմի երեխաների ծնողներն ու նախարարության աշխատակիցները շարունակաբար առաջ են բերել Ստամբուլի թիմի մասնակիցների՝ իրենց հետ վիճած տղային ծեծելու մեղադրանքը, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ մեղադրանքներ:
«Ես մեր աշակերտներին բազմիցս զգուշացրել ու խիստ նշել եմ՝ ոչ մի դեպքում ոչ ոքի վրա ձեռք չբարձրացնել, որևէ մեկը նման բան միանշանակ չի արել: Երեխաների միջև ծագած վիճաբանությունը հարթելու նախաձեռնողն էլ մենք ենք եղել, մեր տղան մոտեցել և ներողություն է խնդրել, ինքս ասել եմ, որ իրար ձեռք սեղմեն, բայց դիմացի կողմը ոչ միայն նման մտադրություն չուներ, այլև ավելի ուշ ենթարկվեցինք նրանց ընտանիքների հարձակմանը», - հիշում է Ստամբուլի թիմի ղեկավարը:
Ղազար Սաբունջուն պատմում է, որ հենց նման պայմաններում Ստամբուլի 16 հոգանոց խումբն ընդհանուր հայտարարի գալով՝ որոշեց լքել նախագիծն ու վերադառնալ Ստամբուլ:
«Մենք շատ ջանք գործադրեցինք, որպեսզի երեխաները կոտրված չգնան Հայաստանից, սակայն փոխադարձ կողմում (նկատի ունի նախարարությանը-Tert.am), նույն շահագրգռվածությունը չտեսնելով, ստիպված էի բարձրաձայն ընդվզել: Այնուամենայնիվ, Հայաստանում մեր վերջին օրերը շատ ջերմ անցան, անկախ ամեն ինչից՝ Հայաստանը մեր հողն է», - եզրափակեց Սաբունջուն:
Հակառակ կողմի մեկնաբանությունը ստանալու համար Tert.am-ը կապ հաստատեց Ուկրաինայի տարբեր քաղաքներում գործող Հայաստանի հյուպատոսությունների, ինչպես նաև «Ուկրաինայի հայերի միության» գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանի հետ, ինչից հետո բացվեց մեկ այլ ու ոչ պակաս մտահոգիչ խնդրի պատկեր:
Ուկրաինայի համայնքն այս տարի պաշտոնապես որևէ խումբ չի ուղարկել «Արի տուն» ծրագրին, մինչդեռ ծրագրի միջոցառումներից մեկի ժամանակ երևում են Ուկրաինա գրությամբ պաստառով երեխաներ:
Պարզվում է՝ Ուկրաինայի կողմից ներկայացած մասնակիցները չունեն ո՛չ երաշխավորագիր, ո՛չ էլ կապի մեջ են իրենց քաղաքների համայնքների ղեկավարության հետ: Իսկ Սփյուռքի նախարարությունը նրանց ընդունել է անհատական հայտերով, որոնք ուղարկվում են համացանցի միջոցով:
«Մենք այս տարի ո՛չ Կիևից, ո՛չ էլ մեկ այլ քաղաքից որևէ հայ երեխայի համար երաշխավորագրեր չենք տրամադրել, ոչ մեկին «Արի տուն» ծրագրին չենք ուղարկել, մեզ այդ հարցով չեն էլ դիմել: Մինչ այս պահը մենք 5 նամակ ենք ուղարկել Սփյուռքի նախարարությանը՝ խնդրելով այդ երեխաների մասնակցությունը համաձայնեցնել մեզ հետ, աշխատել «Ուկրաինայի հայերի միության» կենտրոնական գրասենյակի հետ՝ հենց այսպիսի խնդիրներից խուսափելու համար, բայց մինչ օրս որևէ արձագանք չենք ստացել: Մենք նույնիսկ չգիտենք՝ մեր համայնքի՞ց, թե՞ մեր անվան տակ ուրիշ հայ երեխա է գնացել մասնակցում, ինչպե՞ս կարող ենք պատասխանատվություն կրել նրանց պահվածքի համար: Հիմա որ առանց մեր իմացության մասնակից են ընդունել, իր պահվածքի ու նկարագրի վերաբերյալ մեզանից ոչ մի երաշխավորագիր չեն ուզել, Ստամբուլի հայությունն էլ ասի՝ Ուկրաինայի հայերը էսպես բան են արել, բա դա ճի՞շտ է», - նշեց Դավիթ Մկրտչյանը մեզ հետ զրույցում:
Պարզվում է, որ սա ընդունված պրակտիկա է և բոլորովին չի հակասում Սփյուռքի նախարարության կազմակերպչական սկզբունքներին ու գործելաոճին:
Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության ներկայացուցիչները Tert.am-ի հարցին, թե Ուկրաինայի որ քաղաքներից են այս տարի «Արի տուն» ծրագրին մասնակցում, նախ ասացին՝ «չգիտենք», իսկ հետո երաշխավորագրերի ու համայնքների ղեկավարների հետ աշխատելու մասին հարցին ի պատասխան պնդեցին, որ երաշխավորագրեր ստանալու կարիք չկա, բոլորը կարող են դիմել առցանց տարբերակով:
Այդ դեպքում ո՞վ է կրում նման դեպքերի պատասխանատվությունն ու ինչպե՞ս պետք է կանխվեն նման թյուրիմացությունների կրկնությունները. հարցին Համահայկական ծրագրերի վարչության ներկայացուցիչներից Իսկուհի անունով ներկայացած աշխատակիցը պատասխանեց. «Ես դա չեմ կարող ասել»:
Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, շեշտեցին, որ եթե վերոնշյալ մասնակիցներն իսկապես Ուկրաինայից են՝ իրենք պատրաստ են ենթարկել երեխաներին կարգապահական տույժի:
Սոֆյա Հակոբյան










