Մինչև 2021-ը տարեկան 15 տոկոսով կբարձրանա ծխախոտի ակցիզային հարկը, պարզվում է՝ չծխողներն ու ծխողները կողմ են հարկերը բարձրացնելուն

13:17 • 02.08.17

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը և այդ ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, որի շրջանակներում իրականացվող քայլերի թվում են լինելու նաև՝ ծխախոտի գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության սահմանափակումների պահպանման վերահսկումն ու  ծխախոտի համար սահմանված հարկերի բարձրացումը:

Հիշեցնենք, որ բացի դրանից՝ ՀՀ հարկային օրենսգրքով ԵԱՏՄ-ում իրականացվող ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման քաղաքականության ներքո՝ մինչև 2021 թվականը, տարեկան 15 տոկոսով շարունակաբար բարձրացվելու են ծխախոտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային հարկի դրույքաչափերը:

Ըստ որում՝ նշվում է, թե 2016 թվականին ծխախոտի հարկերի բարձրացմանը կողմ է եղել ՀՀ բնակչության 44.6%-ը, որից՝ չծխողների 51.9%-ը և ամեն օր ծխողների 25.6%-ը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ ծխախոտի օգտագործումը Հայաստանի հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է և մի  շարք առավել տարածված ոչ վարակիչ հիավնադությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ:

Ըստ կառավարության տվյալների՝  Հայաստանի բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում՝ մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են՝  (այսուհետ` ԱՇՀՀ), զբաղեցնում են առաջին տեղը` 48%, որոնց հաջորդում են չարորակ նորագայացությունները՝ ՉՆ-երը` 20.6%, շաքարային դիաբետը՝ ՇԴ-ը` 4.8%, վնասվածքները, թունավորումները և արտաքին պատճառները` 4.7%, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (այսուհետ` ԹՔՕՀ ԹՔՕՀ-երը (բրոնխիտ, ասթմա, քրոնիկական այլ թոքային և բրոնխոէկտատիկ հիվանդություններ)` 3.6%:

2005 թվականին իրականացված «Հայաստանի բնակչության շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի տարածվածության» համահանրապետական հետազոտության արդյունքների համաձայն՝ ծխախոտ օգտագործում էին հարցման ենթարկված և 16-75 տարիքային խմբին պատկանող բնակչության 29.0 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց` 60.5 և կանանց 2.2 տոկոսը:

Հայաստանում մեծահասակ (սկսած 16 տարեկանից) բնակչության 25%-ից ավելին կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որտեղ տղամարդկանց մասնաբաժինը գերազանցում է 50%-ը:

2007-2012 թթ. 20 և բարձր տարիք ունեցող ամեն օր ծխող տղամարդկանց քանակը նշանակալի չի փոխվել: Ըստ տարիքի ծխախոտի օգտագործումը տղամարդկանց մոտ հասնում է  առավելագույնի` 30-39 տարեկանների շրջանում:

Նման ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվում է նրանով, որ  իրականացված հետազոտության արդյունքներում ծխախոտի տարածվածության ընդհանուր ցուցանիշը մնացել էր գրեթե անփոփոխ` 29 տոկոս, սակայն փոփոխություն էր արձանագրվել տղամարդկանց և կանանց շրջանում ծխախոտի տարածվածության ցուցանիշներում, մասնավորապես, տղամարդկանց ցուցանիշը նվազել էր, իսկ կանանց ցուցանիշը` աճել:

2016 թվականին` 2012 թվականի համեմատությամբ Հայաստանում ավելացել է ամեն օր ծխող անձանց մասնաբաժինը, ընդ որում՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում: Եթե 2012թ.-ին Հայաստանում ամեն օր ծխախոտ էր օգտագործում 15 և բարձր տարիքային խմբի բնակչության 23%-ը, ապա 2016թ.-ին՝ 26.2%-ը: Ընդ որում` ամեն օր ծխող տղամարդկանց թիվն ավելացել է 48.7%-ից մինչև 53.4%:

Սոցիալ-ժողովրդագրական խմբերի վիճակագրությունն ակնհայտորեն վկայում է, որ ծխախոտի օգտագործումը տղամարդկանց շրջանում թռիչքաձև աճում է 15-19 տարիքային խմբից 20-29 տարիքային խումբ անցնելիս:

Պարզվում է՝ ծխախոտի օգտագործման տարածվածությունը տարբերվում է նաև ըստ բարեկեցության քվինտիլների: Ամեն օր ծխող տղամարդկանց տոկոսն ավելի բարձր է ցածր բարեկեցության առաջին, երկրորդ և երրորդ քվինտիլներում:

Նույնը՝  ըստ կրթական մակարդակի. ամեն օր ծխող տղամարդկանց ամենացածր թիվը գրանցվել է թերի բարձրագույն կրթությամբ տղամարդկանց շրջանում, ովքեր հիմնականում ուսանողներ են:

Ըստ նույն տվյալների՝Հայաստանի Հանրապետությունում փակ աշխատանքային տարածքում պասիվ ծխողներ են աշխատող անձանց 39.7%-ը, իսկ և' բաց, և' փակ տարածքում աշխատողների շրջանում պասիվ ծխողներ են 73.9%-ը:

Հիշեցնենք, որ ըստ գործող օրենսդրության՝ ծխելն արգելվում է.

1) կրթական՝ ուսումնական, արտադպրոցական, մանկական, դաստիարակչական և այլ հաստատություններում,

2) մշակութային հաստատություններում՝ կինոթատրոններում, թատրոններում, մարզական տարածքներում, կրկեսում, համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, ցուցահանդեսներում, դահլիճներում, լսարաններում և մինչև 18 տարեկանների համար նախատեսված հանգստի և ժամանցի վայրերում,

3) առողջապահական հաստատություններում՝ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում և առողջապահական այլ կազմակերպություններում,

4) բոլոր այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում, բացառությամբ դրա համար նախատեսված վայրերի.

5) այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների,

6) քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաև օդակայանները, ավտոբուսի և գնացքի կայարանները։

Քայլերի միջոցառումների թվում են նաև որոշակի խստացումներ:

Մանսավորապես, ըստ նախագծի զեկուցող ՀՀ առտողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ մի շարք իրավական ակտերում առկա են բազմաթիվ բացեր, ինչի համար առաջարկվում է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» 2004 թ. օրենքում ծխախոտի ծխից չծխող մարդկանց առողջությանը սպառնացող վտանգը կանխելուն ուղղված  նորմերից հանել նախադասությունը, որ «ռեuտորաններում,  uրճարաններում և  հանրային uննդի այլ կազմակերպություններում ծխելու համար կարող են  լինել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ» և նոր նորմերը վերաշարադրել իմպերատիվ ոճով, առանց «կարող է. բառակապացության:

Ըստ ԱՆ պատասխանատուի՝ այդ բառի կիրառումը թույլ է տալիս ենթադրել, որ  ռեuտորաններում, uրճարաններում և հանրային uննդի այլ կազմակերպություններում ծխելու համար կարող են և չլինել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ:

Լինելու են խստացումներ, որոնք վերաբերում են փակ աշխատանքային վայրերում ծխելուն: Ձեռնարկվելիք քայլերի թվում են՝ ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման բազմոլորտային սահմանափակումների սահմանումը և օգտագործման համար արգելված վայրերի ընդլայնումը, ծխախոտի գովազդի ամբողջական արգելքը:

«Ներկայումս օգտագործվող սահմանումները հնարավորություն չեն տալիս  իրականացնել գործող օրենսդրության կիրառման արդյունավետ մոնիտորինգ: Օրենսդրության արդյունավետ և փաստացի իրականացումը պահանջում  է  համապատասխան համաչափ միջոցներ, ինչպիսիք են մոնիտորինգ, վերահսկողություն իշխանությունների կողմից, տուգանքներ, հասարակության   իրազեկում»,- կարծում է նախարար Ալթունյանը:

Նոր կարգավորումները չեն շրջանցի էլեկտրոնային սիգարետները՝ սկսած եզրույթի կիրառումից:

Եվ վերջապես, այդ ռազմավարությանը հընթացս  բարձրանալու են նաև ծխախոտի գները:

Հիշեցնենք, որ 2016-ի  հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ հարկային օրենսգրքով՝ վերանայվել են ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի հարկման բազան և դրույքաչափերը:

Ծավալուն հիմնավորումների շարքում են նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ԱՀԿ-ի վիճակագրության տվյալները. աշխարհում բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են՝ ՈՎՀ,  մասնավորապես, արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (այսուհետ` ԱՇՀՀ), չարորակ նորագոյացությունները (այսուհետ` ՉՆ), շաքարային դիաբետը (այսուհետ` ՇԴ), թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (այսուհետ` ԹՔՕՀ), հոգեկան հիվանդությունները, վնասվածքները և թունավորումները:

ՈՎՀ–ի զարգացման հիմնական ռիսկի գործոններն են. ծխախոտի օգտագործումը, ալկոհոլահին խմիչքների չարաշահումը, ավելորդ քաշը, զարկերակային բարձր ճնշումը և ֆիզիկական թերակտիվությունը: Ծխախոտի օգտագործումը ռիսկի գործոն է ՈՎՀ-ի զարգացման հարցում և դրա հետևանքով առաջացած ՈՎՀ-ի հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշները առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Համաձայն ԱՀԿ-ի՝ ծխելը բարձրացնում է տուբերկուլոզով հիվանդանալու ռիսկը, վատթարացնում բուժման ելքերը, մեծացնում այս հիվանդությունից մահացության ցուցանիշը և դրա  կրկնելիության հավանակությունը:

Տուբերկուլոզի համաճարակաբանական ազդեցության վերլուծության միջոցով հաշվարկվել է, որ Հայաստանում 20-60 տարեկանների շրջանում (ծխելու տարածվածությունը 28.3%) ՏԲ դեպքերի 15.9% բաժին է ընկում ծխելուն:  Ընդ որում, Հայաստանում տուբերկուլյոզ հիվանդ տղամարդկանց գրեթե 67.5% ծխողներ են:

Համաձայն ԱՀԿ-ի՝ այն պետությունները, որոնք իրականացնում են ծխելու   հակազդմանն ուղղված ռազմավարություններ և ծրագրեր, հետագայում ստանում են զգալի դրական արդյունքներ՝ ազգաբնակչության առողջության և բարեկեցության, աշխատանքի արտադրողականության բարձրացման և սոցիալական զարգացման առումով: