Կիմ Չեն Ընը դիվանագիտական լեզուն չի հասկանում. Թիլերսոն

17:27 • 09.08.17

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի «կրակի և ցասման» մասին իր խոսքերով փորձել է հզոր ուղերձ հղել ԿԺԴՀ-ի սպառնալիքներին ի պատասխան, հայտնում է Reuters գործակալությունը:


Այդ մասին նա լրագրողներին ասել է դեպի Գուամ կղզի ճանապարհին, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմաբազան և որի ուղղությամբ Փհենյանը սպառնում է հարված հասցնել:


«Ես կարծում եմ, որ նախագահը հզոր ուղերձ է հղել Հյուսիսային Կորեային, մի լեզվով, որը կհասկանա Կիմ Չեն Ընը»,- նշել է պետքարտուղարը:


Թիլերսոնն ընդգծել է, որ Կիմ Չեն Ընը «կարծես չի հասկանում դիվանագիտական լեզուն»:


Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը տարածել է Հս. Կորեայի ազգային բանակի  բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը, համաձայն որի՝ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը:


«Ներկայում ռազմավարական ուժերը մանրազնին ուսումնասիրում են Գուամ կղզում հիմնական ամերիկյան ռազմաբազաները զսպելու նպատակով գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով հարվածելու վերաբերյալ օպերատիվ ծրագիրը»,- ասվում է  հայտարարությունում: 

Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ շարունակում է խիստ լարված մնալ: Միացյալ Նահանգները բազմից հայտարարել է, որ «Փհենյանի նկատմամբ ռազմավարական համբերության ժամանակաշրջանն արդեն ավարտված է» և որ միջուկային ծրագիրն ակտիվ զարգացնող Կորեայի դեմ, հնարավոր է, ռազմական ուժ կիրառվի: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը սպառնում է ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին: