Թրամփի «հրե ցասումը», թե Կիմ Չեն Ընի հրթիռները՝ ումից պետք է աշխարհն ավելի շատ վախենա. Focus

16:04 • 10.08.17

Սպառնալիքները, որոնցով վերջին շրջանում փոխանակվում են Հյուսիսային Կորեան և ԱՄՆ-ն, ավելի ու ավելի լուրջ և կոնկրետ են դառնում: Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անուղղակիորեն սպառնաց ռազմական հարված հասցնել Հս. Կորեային, Փհենյանը հայտարարեց, որ դիտարկում է Գուամ կղզու ամերիկյան ռազմաբազաներին հրթիռային հարվածի հնարավորությունը, գրում է Focus գերմանական պարբերականը:


Բանավոր կերպով առճակատումը շիկացել է՝ Թրամփն իր «կրակով և ցասումով» Կիմ Չեն Ընի և նրա «տոտալ պատերազմի» խոստումների դեմ, գրում է Անյա Վիլները։


Ինչպես ԱՄՆ-ի նախագահի, այնպես էլ Հյուսիսային Կորեայի առաջնորդի տրամադրության տակ է գտնվում զսպող ռազմական և միջուկային պոտենցիալը, բացի այդ, երկուսն էլ անկանխատեսելի են, ինչը հատկապես վտանգավոր է դառնում՝ հաշվի առնելով նրանց երկուսի մոտ միջուկային զենքի առկայությունը: Այսպիսով՝ ո՞ւմից պետք է աշխարհն ավելի շատ վախենա, հարցնում է հոդվածագիրը:


Թրամփն արդեն ցույց է տվել, որ հակված է հապշտապ որոշումներ կայացնելուն, այդ թվում՝ ռազմական: Այդպես, այս տարվա գարնանը գազային հարձակման ենթարկված երեխաների կադրերի տարածումից հետո նա էմոցիոնալ որոշում կայացրեց՝ ի զարմանս միջազգային հանրությանը՝ հրահանգելով օդային հարված հասցնել Սիրիայի ավիաբազայի ուղղությամբ: Հյուսիսային Կորեայի դեպքում նմանատիպ արձագանքը շատ ավելի լուրջ հետևանքներ կունենար, ասված է հոդվածում:


Մտավախություններ է առաջացնում նաև այն փաստը, որ Թրամփն այնքան էլ չի լսում փորձագետների խորհուրդները՝ միևնույն ժամանակ շատ սուղ պատկերացումներ ունենալով աշխարհում առկա հակամարտությունների մասին:


Այնուամենայնիվ, չնայած իր արտաքին կուրսի անկանխատեսելիությանը, Փհենյանի նկատմամբ իր քաղաքականությունում ԱՄՆ ներկայիս նախագահն այնքան էլ չի տարբերվում իր նախորդներից, նա ընդամենն ավելի ռազմատենչ հռետորաբանություն է օգտագործում: Միևնույն ժամանակ, նա մշտապես Կիմ Չեն Ընի ռեժիմին բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորություն է ընձեռում:


Ինչ վերաբերում է Կիմ Չեն Ընին, նա ներքին քաղաքական ճնշման տակ է հայտնվել ԱՄՆ-ի հասցեին իր սպառնալիքների առնչությամբ: Դժվար է պատկերացնել, որ նա հրաժարվի իր խիստ դիրքորոշումից կամ անգամ միջուկային ծրագրից և չկորցնի դեմքը երկրի ներսում, գրում է հեղինակը:


Կիմը, իր նախորդների պես, գիտակցում է, որ «ԱՄՆ-ի հետ պատերազմը ռեժիմի համար ինքնասպանություն կլինի»:


Փորձագետների մեծ մասը կարծում է, որ Կիմ Չեն Ընին չի հետաքրքրում ԱՄՆ-ի ջախջախումը որպես թշնամու, Փհենյանի համար կարևոր է պահպանել սեփական ռեժիմը, այդ պատճառով Հս. Կորեայի առաջնորդն այդպես առաջ է տանում իր միջուկային ծրագիրը և ագրեսիվ արձագանքում այն փակելու ցանկացած առաջարկի:


Մնում է միայն հուսալ, որ Թրամփը կլսի իր արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականներին, նշում է հոդվածագիրը: