Թուրքիայի իշխանությունները հերքել են վաղաժամ նախագահական ընտրությունների անցկացման մասին լուրերը

14:38 • 10.08.17

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պաշտոնապես հերքել է վաղաժամ նախագահական ընտրությունների մասին թուրքական մամուլում շրջանառվող լուրերը, այս մասին հայտնում է diken.com.tr կայքը:

ԱԶԿ-ականները նշել են, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո իրենց համար առաջնային են ներքին կադրային փոփոխությունները, իսկ նախագահական ընտրությունների դեռևս չեն պատրաստվում:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում կառավարման նախագահական համակարգին անցնելուն կողմ էին արտահայտվել բնակիչների 51 տոկոսը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների հարցում հաղթանակ տանելուց հետո կարող է շտապել նոր նախագահական ընտրությունների հարցում: