Ախալցխեում հրդեհի հետևանքով մահացած ազգությամբ հայ հորն ու դստերը հուղարկավորել են դեպքից երկու ամիս անց

14:41 • 13.08.17

Մայիսին Վրաստանի Ախալցխեի շրջանի Ծղալթբիլա հայաբնակ գյուղի բնակիչների տունը հրդեհվել էր, ինչի հետևանքով տան տիրոջն ու նրա դստերը հայտնաբերել էին մահացած: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ Նրանց հուղարկավորել են դեպքից երկու ամիս անց:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հարևան Վալեի բնակիչ Գագիկ Հարությունյանը, ով նույնպես մասնակցել էր հուղարկավորությանը:

 

«Ավետիսյանների տունն անհայտ պատճառներով հրդեհվել էր, ինչից հետո տանը հայտնաբերվել էր հոր՝ Պետրոս Ավետիսյանի և դստեր՝ Աննա Ավետիսյանի դիերը: Սակայն, իրավապահ մարմինների տարբեր փորձաքննությունների համար նրանց մարմինները հարազատներին չէին հանձնում դեպքից ավելի քան երկու ամիս անց: Հիմա էլ դիերը տրվել է հարազատներին, սակայն առանց որևէ եզրակացության»,-ասաց Հարությունյանը:

 

Նրա խոսքով՝ համագյուղացիները կասկածներ ունեն, որ տունը միտումնավոր է հրդեհվել և պատճառը պետք է բացահայտվի:

 

«Այս հարցը պետք է բացահայտվի, համագյուղացները ևս բազմաթիվ հարցեր ունեն իրավապահներին: Չի կարելի թաքցնել փորձաքննությունների արդյունքները, եթե դրանք արդեն կան: Հետաքննության համար դիերը պահել են երկու ամսից ավելի, և օգոստոսի 8-ին նոր թույլ են տվել տեղափոխել Ախալցիխե և ոչինչ չեն հայտնել հարազատներին»:

 

Հարությունյանն ասաց, որ գյուղացիները մինչև վերջ պայքարելու են իրավապահներից ճշմարտությունն իմանալու և մեղավորին պատասխանատվության ենթարկելու համար: