ՊՆ-ի որոշումը հակասահմանադրական է. ծառայությունից հրաժարվելիս 250 հզր.-ի փոխարեն 1 մլն վճարելու որոշումից հետո բազմաթիվ սպաներ դիմել են դատարան. փաստաբան

21:21 • 14.08.17

Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ստորագրած թիվ 609 հրամանից հետո տասից ավելի սպաներ դիմել են Վարչական դատարան: Նախարարի հրամանով՝ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների և ռազմական համալսարանների պետերը, ՊԲ-ի, ԲԿ-ների, զորամասերի հրամանատարները, ՀՀ զինվորական կոմիսարը «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողներին մինչև ս.թ. հունիսի 25-ը պետք է առաջարկեն կնքել իրենց հետ կնքված պայմանագրերում փոփոխություններ կատարելու համաձայնագիր:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ նույն այդ հրամանի համաձայն՝ զինծառայողների կողմից կնքված համաձայնագրերը, ինչպես նաև համաձայնագրի կնքումից հրաժարված զինծառայողների անվանացուցակները մինչև ս.թ. հունիսի 30-ը պետ է ուղարկված լինեն ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն:

Հիշեցնենք, որ ինչպես Tert.am-ն ավելի վաղ հայտնել էր, ըստ ՀՀ ՊՆ կատարած փոփոխության՝  այն սպաները, ովքեր պայմանագրով նախատեսված 20 տարի ծառայության 10 տարին դեռ չլրացած հրաժարվում են ծառայությունից, յուրաքանչյուր չծառայած տարվա համար պետք է վճարեն ոչ թե 250 000 դրամ, այլ 1 մլն դրամ: ՊՆ-ն համապատասխան փոփոխության առնչությամբ պարտադրում է նոր պայմանագրեր կնքել:

Փաստաբան Նորայր Նորիկյանի հստակեցմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հստակ սահմանում է տուժանքի իրավական կարգավորումները. քանի դեռ կողմերը չեն եկել գրավոր համաձայնության տուժանքի մասին, տուժանքի հետ կապված բոլոր գործողություններն անվավեր են.

«ՊՆ-ի որոշումը հակասահմանադրական է, ոչ իրավաչափ: Գիտակցելով, որ իր որոշումն անօրինական է, նախարար Վիգեն Սարգսյանը թիվ 609 հրամանն է արձակել, և ներկայացրել հավելված՝ սպաների հետ կնքված պայմանագրերում փոփոխություն կատարելու համար: Բազմաթիվ սպաներ հրաժարվել են այդ պայմանագրերը ստորագրելուց:

Մարդկանց  դնում են ոչ իրավաչափ պարտավորությունների մեջ, որոշ սպաներ հրաժարվել են ստորագրել: Բնականաբար, կան  նաև սպաներ, ովքեր վախից և ինչ-ինչ դրդումներից ելնելով ստորագրել են, սակայն ՀՀ ՊՆ կատարել է հակասահմանադրական քայլ՝ օգտագործելով իր հրամանատարական գործառույթները: Այստեղ ՀՀ սահմանադրության մի շարք կետեր ու օրենքներ են խախտվել, մարդկանց վրա չի կարելի դնել ոչ իրավաչափ պահանջ, որով վատթարացվում է նրանց իրավական վիճակը»:

Հարցին՝ ո՞ւմ վրա է տարածվում այս հրամանը, Նորիկյանը պատասխանեց, որ ՀՀ ՊՆ-ն գործադրում է առավելագույնս ոչ իրավաչափ ջանքեր, որպեսզի այդ փոփոխությունները տարածվեն ՀՀ պաշտպանության նախարարության հետ «Ուսումնառության և հետուսումնական զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր» կնքած հազարավոր սպաների վրա:

Փաստաբանը հայտնեց, որ այս պահի դրությամբ տասից ավելի սպաներ դիմել են Վարչական դատարան և նրանց գործերը քննվում են, բազմաթիվ այլ սպաներ փաստաթղթերի պատրաստման փուլում են՝ դատարան դիմելու համար: Նրա խոսքով, սակայն, դեռևս ուժի մեջ մտած վճիռ չկա, այդ բոլոր գործերը գտնվում են քննության փուլում:

«Հաշվի առնելով Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը, այդ գործերի քննությունը կարող է երկար տևել, իսկ այդ ընթացքում կշարունակեն խախտվել սպաների իրավունքները: ՊՆ-ն պարտավոր է հստակեցնել իր դիրքորոշումը, չի կարելի սպայի կարգավիճակը վատթարացնող որոշում կայացնել: Այստեղ խախտվում է ՀՀ սահմանադրության 73-րդ հոդվածի պահանջը. անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Բացի դրանից՝ մի շարք օրենքների խախտում կա. խախտվում են նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները»,- ասաց փաստաբանը:

Հարցին՝ մարդու իրավունքների խախտման տեսակետից ի՞նչ քայլերի կարող են դիմել սպաները, Նորիկյանը պատասխանեց, որ բոլոր խախտումները մատնանշող գրություն է ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, սակայն ՄԻՊ-ից ևս դեռ պատասխան չի ստացել:

Հարցին՝ իրավական հարթությունից դուրս ի՞նչ հարց է լուծում ՊՆ-ն այդ որոշմամբ, Նորիկյանը պատասխանեց, որ ՊՆ-ում սպաների համալրման խնդիր կա, սակայն այդ որոշումը հակառակ ռեակցիա է առաջացնելու:

«Կարծում եմ՝ ՊՆ-ն և ընդհանրապես պետությունն այս կերպ փորձում է այնպես անել, որ սպաները խուսափեն զորացրվելուց, բայց այս մեթոդներով սպայական կազմի զորացրման արգելք հանդիսանալն ավելի սխալ ռեակցիա է առաջացնում սպաների մոտ, նրանց շրջանում ավելի է նվազեցվում ծառայելու ցանկությունը:

Հակառակը՝ ՀՀ-ն պետք է իրականացնի սպաների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլեր, ընդհուպ բնակարանային պայմաններով ապահովում, որպեսզի որևէ սպայի մտքով չանցնի, որ զորացրվի ու գնա տաքսի վարի կամ արտագաղթի: Ցավոք, ինձ դիմած սպաների մեծամասնությունը ցանկություն ունի արտագաղթելու, իսկ դա մեծ սպառնալիք է: Պետությունը փոխանակ փորձի քայլեր անել, որ սպաները ծառայեն, այնպես  է անում, որ գնան երկրից»,-ասաց Նորիկյանը: