Ուկրաինայից արտաքսված հայազգի լրագրողուհուն գիշերով հեռացրել են երկրից ու միայնակ թողել սահմանին (տեսանյութ)

23:42 • 15.08.17

Ուկրաինան երկրից արտաքսել է Համառուսական պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերության հատուկ թղթակից Թամարա Ներսեսյանին:

Արտաքսումից ժամեր անց հայազգի լրագրողուհին հյուրընկալվել է Россия 24 հեռուստաալիքի լրատվական ծրագրի ուղիղ եթերում՝ պատմելով, թե ինչպես է տեղի ունեցել արտաքսումն ու որն է եղել դրա պատճառը: Լրագրողուհու խոսքով՝ իրեն 3 տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա՝ պատճառաբանելով, որ նրա հեղինակած նյութերն ու հաղորդումները «սպառնում են երկրի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Արտաքսման համար պատճառ է հանդիսացել «Բանդերշտատ» երաժշտական փառատոնի մասին իր հաղորդումը:

Լրագրողուհին պատմել է նաև, որ իրեն 3 ժամ հարցաքննելուց և  արտաքսման որոշումը հայտնելուց հետո թույլ չեն տվել ինքնուրույն հեռանալ երկրից, այլ մեքենայով ուղեկցել են մինչև Ռուսաստանի հետ սահման, որտեղ մենակ են թողել գիշերվա ժամերին:

Ներսեսյանը նշում է, որ մոտ  1 կմ քայլել է մինչև ռուսական անցակետերից մեկին հասնելը, այնտեղ նրան օգնել են սահմանապահներն ու մեքենայով ճանապարհել Մոսկվա: