Նիդերլանդներում բնակվող հայուհուն արտաքսել են առանց իր երեխաների
Նիդերլանդների իշխանություններն արտաքսել են Ամերսֆորտ քաղաքի փախստականների ճամբարում 9 տարի բնակվող Արմինե Համբարձումյանին առանց իր երկու երեխայի:
Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն, 12-ամյա Հովիկն ու 11-ամյա Լիլին ևս կարող են արտաքսվել: Հաղորդվում է, որ Արմինեին օգոստոսի 14-ին ինքնաթիռով ուղարկել են Փարիզ, որտեղից նա պետք է տեղափոխվեր Հայաստան: Երեխաների պաշտպանությամբ զբաղվող նիդերլանդական կազմակերպությունից հայտնել են, որ մինչ այս երկրում նման դեպք չէր գրանցվել, երբ մորն արտաքսեն առանց իր երեխաների:
DutchNews.nl -ի հաղորդմամբ՝ իրավապաշտպան կազմակերպությունը դատարանին խնդրել է կասեցնել միայնակ մոր ու նրա երեխաների արտաքսման գործընթացը: Նշվում է, որ երեխաները ծնվել են Ռուսաստանում և երբեք չեն եղել Հայաստանում:
Հաղորդվում է, որ այժմ երեխաները թաքնվում են` արտաքսումից խուսափելու համար: Հայուհին այս տարիների ընթացքում բազմիցս դիմել է օրինական կեցություն ստանալու համար, սակայն մերժվել է: Նրան արտաքսելու մասին իշխանությունները տեղեկացրել էին 2009 թվականից:
Արտաքսման լուրն իմանալուց հետո բազմաթիվ մարդիկ բողոքի ցույց են կազմակերպել Ամերսֆորտում՝ պահանջելով չեղարկել հայ երեխաների արտաքսումը: Բողոքի ակցիային մասնակցել են նաև Հովիկի և Լիլիի հետ միասին դպրոցում սովորող բազմաթիվ երեխաներ:













