ԵՄ Մաքսային միության և Թուրքիայի միջև պայմանագրի ընդլայնման հարցում Գերմանիան ջանք չի գործադրի. Մերկել

13:17 • 17.08.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Թուրքիայի և ԵՄ Մաքսային միության միջև պայմանագրի ընդլայնման հարցում Գերմանիան որևէ ջանք չի գործադրի, այս մասին հայտնում է «Բիրգյուն» պարբերականը:

«Մենք Թուրքիայի և Մաքսային միության միջև համագործակցության ընդլայնման հարցում ոչ մի հավելյալ ջանք չենք գործադրի», - ասել է Մերկելը:

Նշենք, որ Թուրքիայի և Մաքսային միության միջև պայմանագրի կետերի շուրջ տարվող բանակցությունները կարող են տևել մինչև 2018թ.:

Վերոնշյալ պայմանագրի կետերը նախատեսում են, որ Թուրքիան ոչ միայն ազատ կարտահանի իր գյուղատնտեսական ապրանքները եվրոպական շուկա, այլև հնարավորություն կստանա մասնակցելու ԵՄ երկրներում կազմակերպվող պետական աճուրդներին:

Բացի այդ, ԵՄ-ն կարող է մեծացնել իր տնտեսական ներդրումները Թուրքիայում: Սպասվում է նաև, որ ԵՄ և երրորդ երկրների միջև կնքվելիք առևտրային պայմանագրերը պայմանագրի հաստատման դեպքում կներառեն նաև Թուրքիան:

ԵՄ Մաքսային միության և Թուրքիայի միջև պայմանագրի ընդլայնման հարցում Գերմանիան ջանք չի գործադրի. Մերկել