Կարո Փայլանը դատի է տվել քրիստոնյաներին «գյավուր» անվանած թուրք սյունակագրին

14:26 • 22.08.17

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը բողոք է ներկայացրել Թուրքիայի հանրապետական դատախազություն ընդդեմ թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի սյունակագիր Հայրեթթին Քարամանի, այս մասին գրում է t24.com.tr կայքը:

Օրեր առաջ Քարամանն իր հերթական հոդվածներից մեկը վերնագրել էր թուրքական «Խոզի կաշվից սփռոց դուրս չի գա, գյավուրից էլ բարեկամ դուրս չի գա» ասացվածքով՝ դրանով վիրավորելով քրիստոնյաներին:

Իր հոդվածում «Յենի Շաֆաք»-ի հոդվածագիրը մեջբերել էր Ղուրանում տեղ գտած հրահանգները ոչ մահմեդական ժողովուրդների հետ փոխհարաբերությունների ու նրանց հետ վարվելու կանոնների մասին:

Փայլանը մեղադրել է թուրք սյունակագրին ժողովրդի մեջ ատելություն սերմանելու, ինչպես նաև հասարակության որոշակի զանգվածի նվաստացնելու մասին հոդվածների համար: