Հոգլանդի հայտարարությունը ո՛չ վերջնագիր է, ո՛չ էլ պարտադրանք. Դավիթ Բաբայան

16:21 • 24.08.17

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման մասին վերջնագիր չէ, ճնշման մեթոդ չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Ամերիկացի համանախագահի հայտարարության մեջ ներկայացված են ԼՂ հակամարտության կարգավորման 6 կետեր, որոնց թվում հետևյալը. «Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության և ինքնավարության երաշխիքներ։ Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որևէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»: 

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ ՝այս հայտարարությունը չի նշանակում թե կողմերը, խնդրի կարգավորման մեջ ներգրավվածները եկել են ընդհանուր հայտարարի:

«Նման հայտարարությունը, փաստաթուղթը չի նշանակում, որ հակամարտությունը կարգավորված է, կամ բոլորը եկել են համաձայնության: Այսպիսի փաստաթուղթ նախկինում էլ եղել է, սա պարտադրանք չէ, պարզապես տեսլական է»,-շեշտեց նա:

Դավիթ Բաբայանը նաև ընդգծեց, որ Հոգլանդի հայտարարության մեջ կա նաև երկու շատ կարևոր կետ:

«Մեկն այն է, որ պիտի խաղաղ կարգավորում լինի, երկրորդն այն է, որ այս փաստաթղթի մեջ Արցախը դիտարկվում է որպես առանձին, Ադրբեջանին չպատկանող մի կազմավորում: Ինչ վերաբերում է այլ խնդիրներին, ապա կան երևույթներ, որ Ադրբեջանի համար անընդունելի են: Նրանք երբևիցե չեն դիտարկել Արցախի ինքնորոշման կամ անկախության փաստի ճանաչման հնարավորությունը: Փաստորեն այնտեղ նշված է, որ Արցախը Ադրբեջանինը չէ, խոսվում է միջանկյալ կարգավիճակի մասին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի համար լեգիտիմ թվացող պահանջները չեզոքացվում են այս փաստաթղթով: Բայց դա չի նշանակում, որ փաստաթուղթը լիովին ընդունելի է, հարգելի է»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակը շեշտեց, որ ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել, կա մի քանի կարևոր մոտեցում: Ըստ նրա՝ կարևոր մոտեցումներից առաջինն այն է, որ բանակցությունների լիարժեք ձևաչափը պիտի վերականգնվի, պաշտոնական Ստեփանակերտը պիտի մասնակցի բանակցային գործընթացին:

«Երկրորդ կարևոր դիրքորոշումն այն է, որ այս հակամարտությունը պիտի կարգավորվի փաթեթով, այլ ոչ թե այլ տարբերակով, ամբողջական ամեն հարց պիտի լուծվի: Ոչ մի հարց չպետք է մնա ապագային: Հակամարտությունն այնպես պետք է կարգավորվի, որ վաղը չստեղծվի ավելի բարդ, ավելի վատ իրավիճակ: Ադրբեջանն ուզում է փուլային, թող ճանաչի Արցախի Հանրապետությունը, այդ դեպքում մենք կբանակցենք»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբյանն ընդգծեց, որ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը հաշվի առնելով՝ յուրաքանչյուր մոտեցում պիտի մանրակրկիտ դիտարկվի:

«Ինչ վերաբերում է Հոգլանդի հայտարարությանը, ապա նորից կրկնեմ սա պարզապես տեսլական է, եղել են տարբեր մոտեցումներ, դրանից նաև հրաժարվել են: Համանախագահները միշտ ասել են, որ պարտադրանք չկա: Սա տարբեր սկզբունքների համատեղում է, որը չի նշանակում, որ փոփոխման ենթակա չէ, կամ փաստաթուղթը կատարյալ է»,-եզրափակեց նա:

 

 

 

 

Հոգլանդի հայտարարությունը ո՛չ վերջնագիր է, ո՛չ էլ պարտադրանք. Դավիթ Բաբայան