Կարծում եմ՝ շենքը դատարկ չի մնա. Արման Սահակյանը չգիտի՝ ԱԳՆ նախկին շենքում երբ կսկսվեն վերանորոգման աշխատանքները

14:36 • 26.08.17

Կառավարության որոշմամբ, 2012 թվականի հոկտեմբերի սկզբին Կառավարության թիվ 2 մասնաշենքը, որում տեղակայված էր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, վաճառվեց արգենտինահայ գործարար էդուարդո էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը։ Ավելի քան 14 հազար քմ տարածքով անշարժ գույքը և հարակից հողամասը վաճառվեց 51 միլիոն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Նշված շենքում շինարարության մեկնարկի, ծրագրերի, ստացված գումարի օգտագործման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, դեռևս հունվար ամսին ՀՀ վարչապետը հանձնարարեց կառավարությանը ներկայացնել օտարվող գույքի ցանկ: Ի՞նչ է նախատեսվում օտարել առաջիկայում և ի՞նչ քաղաքականության արդյունքում է կայացվում նման որոշում:

-Մեզ համար գույքի օտարումը երբևէ ինքնանպատակ չի եղել, հիմնականում օտարվում են այնպիսի գույքեր, որոնք տնտեսական շրջանառությունից դուրս են կամ օպտիմալացման արդյունքում առաջացած գույքեր են: Կոնկրետ այդպիսի ցանկ գոյություն չունի, ընդամենը մշակվում են մեխանիզմներ գույքի արդյունավետ կառավարման հետ կապված:

-Նշեցիք, որ մշակվում են մեխանիզմներ գույքի արդյունավետ կառավարման հետ կապված: Որքանո՞վ էր արդյունավետ Հանրապետության հրապարակում Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վաճառքը Էդուարդո Էռնեկյանին:

-Այդ գործարքը մեզ համար բավականին արդյունավետ գործարք էր , որովհետև ընդամենը 14000 քմ-ից մի փոքր ավելի գույք օտարելով մենք այսօր դրա կեսից մի փոքր ավելի գումարով ունենք 30 000 քմ տարածքից ավելի մեծ տարածք: Խոսքն այն շենքի մասին է, որտեղ ՀՀ հինգ գերատեսչություններ են տեղակայված, այդ թվում նաև ԱԳՆ-ն: Օտարման պայմանագրում և Կառավարության որոշումներով բոլոր դեպքերում էլ կան նախատեսված որոշակի պայմանագրային պարտավորություններ:

-Ի վերջո, ի՞նչ է կառուցվելու ԱԳՆ-ի հին շենքում:

-Պայմանագրով ֆիքսված է, որ այն պիտի լինի համաշխարհային բրենդ համարվող, միջազգային չափորոշիչներին համապատասխան հյուրանոցային համալիր: Իհարկե, հյուրանոցային համալիրը կկառուցվի, հնարավոր է նաև այլ ծրագրեր իրականացվեն, որովհետև շատ է խոսվում, որ այնտեղ նաև որոշակի թանգարանային կառույցներ պետք է լինեն, ինչը պայմանավորված է պարոն Էռնեկյանի ցանկությամբ: Նա պետության համար բավականին լավ գործընկեր է:

-Պայմանագրով ժամկետ նշվա՞ծ է, թե երբ  է սկսվելու շենքի վերանորոգումը, երբ է ավարտվելու:

-Ոչ, պայմանագրով նաև կան պայմաններ, որ քանի որ այդ շենքը պատմամշակութային արժեք համարվող շենք է արտաքին տեսքը, պատմամշակութային իր կառուցվածքը չպիտի փոխվի:

-Ինչո՞ւ ամբողջ Հրապարակում լինեն հյուրանոցներ և հստակեցում՝ կա նախադրյալ, թե երբ է սկսվելու շինարարությունը:

-Ոչ, նման պարտավորություններ չկան, թե երբ է տեղի ունենալու վերանորոգման աշխատանքները: Ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա ոչ ոք չի ասել, որ Հրապարակը ամբողջովին պետք է ծակված լինի հյուրանոցներով, մենք ընդամենն ասում ենք, որ տուրիզմի զարգացման համար Երևանում նման նպատակների պետք է ծառայի հրապարակը, ոչ թե կառավարչական շենքեր լինեն միայն:

Նույն տրամաբանությամբ մենք իրականացնում ենք նաև Տրանսպորտի և կապի նախարարության շենքի օտարումը, որը նույնպես տեղափոխվում է նույն հատված, որտեղ տեղափոխվել են մեր հին գերատեսչական շենքերը:

-Մտավախություն չկա՞, որ ԱԳՆ նախկին շենքը հենց այդպես դատարկ էլ կմնա:

-Ոչ, ես նման մտավախություն չունեմ, որ շենքը կմնա դատարկ, որովհետև ի սկզբանե ասել եմ, որ պարոն Էռնեկյանը պետության համար լավ և վստահելի գործընկեր է և նրա կատարած աշխատանքները տեսնում ենք: Չեմ կարծում, որ այդ շենքն այդպես կմնա:

-Ի՞նչ է սպասվում «Դվին» հյուրանոցին, ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել, արդյոք սեփականատերը կատարե՞լ է պարտավորությունները:

-Այնտեղ մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են կատարվում:  «Դվին» հյուրանոցային համալիրն ուներ 13,5 մլն դոլարի պարտավորություն, որն ամբողջությամբ կատարվել է: Այժմ նոր ծրագիր է մշակվել, որ, ընդհանուր առմամբ, 13,5 դոլարն էլ ներառյալ, այնտեղ 100 մլն դոլարի ծրագիր է իրականացվում: Այսօր էլ այդ հատվածում գիշեր-ցերեկ աշխատանքներ են իրականացվում:

-Ի՞նչ է լինելու այդտեղ և ե՞րբ:

-Ես կարծում եմ 2018 թվականի ավարտին, կամ 2019 թվականի վերջին արդեն կունենաք նոր ոճով կառուցված, նոր շունչ ստացած «Դվին» հյուրանոցային համալիր: