Ռուսաստանում 11-ամյա աղջիկը փրկել է 6 փոքր քույր ու եղբայրներին՝ դուրս բերելով նրանց այրվող տնից

23:55 • 29.08.17

Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Մրակովո գյուղում տեղի ունեցած արտակարգ պատահարի ժամանակ 11-ամյա աղջիկն այրվող տնից դուրս է բերել 6 փոքր եղբորն ու քրոջը:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ մեջբերելով ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրությունը, հրդեհի բռնկման նախնական պատճառը «մանկական խաղն է կրակի հետ»: Կանչով դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ տան տանիքից ծուխ է դուրս գալիս, իսկ բաց կրակն արդեն տարածվել է տնով մեկ:

Փրկարարները փրկել են 32-ամյա կնոջ, որն այրվածքներով հոսպիտալացվել է: Իսկ 6 երեխային, որոնք տանն են գտնվելիս եղել, փրկել է խիզախ աղջիկը:

 Նրան հաջողվել է տնից դուրս բերել 3 հարազատ քույր ու եղբայրներին և 3 զարմիկին:

 Հրդեհը մարվել է: Դեպքի վայրում 18 մարդ և 7 միավոր տեխնիկա է աշխատել: