Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռի արձակումը Գուամի վրա հարձակման «նախերգանքն էր»

10:02 • 30.08.17

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է ավելի շատ բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացնել Խաղաղ օվկիանոսում, հայտնում է «Yonhap» գործակալությունը:


Գործակալության տվյալներով՝ հյուսիսկորեական ռադիոն հայտնել է, որ Կիմ Չեն Ընն անձամբ է ներկա գտնվել Ճապոնիայի տարածքի վրայով լույս երեքշաբթի «Հվասոն-12» բալիստիկ հրթիռների փորձարկմանը:


«Իրականությանը մոտեցված բալիստիկ հրթիռի ներկայիս փորձնական արձակումը Խաղաղ օվկիանոսում մեր բանակի առաջին ռազմա-մարտավարական քայլն է դարձել և Գուամի վրա հարձակման նախերգանքը»,- ասել է Կիմ Չեն Ընը:


«Այսուհետ պետք է ավելի շատ բալիստիկ հրթիռների փորձնական արձակումներ իրականացնել, որոնք նախատեսված են Խաղաղ օվկիանոսում թիրախների համար»,- ընդգծել է նա՝ կոչ անելով ավելի ակտիվ աշխատել հարվածային ուժի մեծացման և հրթիռների արդիականացման ուղղությամբ:


Կիմ Չեն Ընը նշել է նաև, որ ռազմավարական զորքերի ներկայիս զորավարժություններն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների «պատասխան քայլերի դեռ նախերգանքն են»:


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները և հայտարարել, որ դրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև բոլոր երկրների համար:


Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել, որն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը: Հաղորդվում է, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու տարածքով:


Կորեական թերակղզում իրավիճակը չափազանց լարված է մնում: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ինչը սուր արձագանք է ստացել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից:

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռի արձակումը Գուամի վրա հարձակման «նախերգանքն էր»