Եթե Արևմուտքն ընդուներ մեր առաջարկները՝ ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ. Լավրով
Եթե Արևմուտքն ընդուներ Ռուսաստանի առաջարկները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ: Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հանդես գալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առաջ, գրում է ТАСС-ը:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կարող է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը ՆԱՏՕ-ի հետ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որ հավատարիմ է այն հռչակագրերին, որոնք վերջին 20 տարիների ընթացքում ընդունվել են ԵԱՀԿ-ում և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում:
«Այդ հռչակագրերում ամրագրված է եվրատլանտյան շրջանում և Եվրասիայում հավասար անվտանգության տարածք ձևավորելու կողմերի ցանկությունը, ինչպես նաև վստահեցումը, որ մեզանից ոչ ոք չի ուժեղացնի իր անվտանգությունն ուրիշների անվտանգության հաշվին»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ, ՌԴ արտգործնախարարն ափսոսանք է հայտնել, որ այդ հռչակագրերն «այդպես էլ թղթի վրա են մնացել»:
«Դրանք իրավաբանորեն պարտավորեցնող դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվել են մեր արևմտյան գործընկերների կողմից: Ես վստահ եմ, որ եթե հավասար անբաժանելի անվտանգությունն իսկապես ստանար իրավաբանորեն պարտավորեցնող ձև, շատ հակամարտություններ, որոնք այժմ կան Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»,- ասել է նա:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտություններին:
«Իսկ ուկրաինական ճգնաժամ ընդհանրապես չէր լինի»,- եզրակացրել է նա:










