Արցախում բավական լուրջ զենքի նոր տեսակներ կան, որոնք արտադրվում են տեղում. Արցախի ՊՆ օպերատիվ բաժնի պետ (տեսանյութ)
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ներկա դրությամբ փոխհրաձգություն է կատարվում: Մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առուստամյանը:
Վերջինս նշեց, որ Ադրբեջանը հրազենային զենք է կիրառում, դիպուկահարներ, ինչի հետևանքով հայկական կողմը, ցավոք, կորուստներ է ունենում:
Հարցին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նոր զինատեսակներ ձեռքբերվե՞լ են, Վիկտոր Առուստամյանը պատասխանեց. «Բավական լուրջ առաջընթաց ունենք: Ե՛վ Արցախի Հանրապետության կառավարության, և՛ Արցախի նախագահի կողմից տրամադրված գումարներով ռազմական արդյունաբերությունը զարգացել է: Չեմ կարող հրապարակել, թե ինչ զենքի տեսակներ ունենք, բայց բավական լուրջ զենքի տեսակներ կան»:
Ճշտող հարցին՝ դրանք գնվե՞լ են, Առուստամյանը պատասխանեց, որ արտադրվել են տեղում: Նա միայն ասաց, որ զենքի արտադրման աշխատանքները վաղուց են տարվում, բայց չմանրամասնեց, թե ինչ զենք է դա, ինչ ծավալով է արտադրվում:
Ինչ վերաբերում է Թալիշին, ապա Առուստամյանը նշեց. «Այնտեղ բավականին պաշտպանիչ զինվորական մեծածավալ աշխատանքներ են կատարվել, որը թույլ չի տալիս ներկա պահին Թալիշի ուղղությամբ կրակել: Ոչ մեկ ամեն դեպքում չի կարող երաշխավորել, որ Թալիշի կամ Ստեփանակերտի ուղղությամբ կրակոց չի լինի, բայց ամեն ինչ արվում է, որ գոնե հրաձգային զենքի ուղղությամբ կրակոց չլինի»:
Վիկտոր Առուստամյանի խոսքով՝ Ադրբեջանին տրվում է ավելի կոշտ ու կոպիտ պատասխան, զենքի ավելի հզոր տեսակներով, ուստի հայկական կողմը նախահարձակ լինելու կարիք չունի:










