Հղի ամերիկուհին ֆոտոսեսիա է արել մեղվապարսի հետ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Օհայո նահանգի բնակչուհի Էմիլի Մյուլերը ֆոտոսեսիա է արել մեղվապարսի հետ, և այն հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում, քանի որ կինը հղի է:
«Մարդիկ մտածում են, որ ես ռիսկի եմ ենթարկում իմ երեխային, սակայն մեղուները շատ նուրբ են, և ես հույս ունեմ, որ իմ ֆոտոսեսիան կօգնի մարդկանց հավատալ. այս միջատներն այնքան էլ վախենալու չեն», - ասել է նա: Հատկանշական է, որ Էմիլին մեղրի արտադրության ընկերություն ունի:
Big Picture-ը գրում է, որ կինն իր ամուսնու հետ սկսել է մեղուներ բուծել, երբ Էմիլին վիժել է: Նա ցանկացել է ազատվել ծանր մտքերից և ուրիշ բանի վրա շեղել իր ուշադրությունը: Այդ պահից ի վեր զույգը երեք երեխա է ունեցել, և այժմ նրանք սպասում են չորրորդին:
«Մեր որդին կծնվի նոյեմբերին, և սա կլինի մեր վերջին զավակը: Ահա թե ինչու ցանկացանք հատուկ ձևով նշել այս հղիությունը: Ինձ թվացել է, որ որովայնի վրա մեղուներով լուսանկարվելը լավ գաղափար է, քանի որ ես կարող եմ հստակ որոշել՝ արդյոք նրանք ագրեսիվ են տրամադրված ներկա պահին, թե ոչ», - պատմել է կինը:
Էմիլիի խոսքով՝ ինքը շաքարե բամբակով կերակրել է մեղուներին, ինչի շնորհիվ նրանք ամբողջությամբ խաղաղ են դարձել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նկարահանումների ժամանակ մեղուները չորս անգամ խայթել են Էմիլիին: Կնոջ պնդմամբ՝ դրա պատճառն իր անխոհեմությունն է եղել:
«Իհարկե, սկզբից անհանգիստ եմ եղել, սակայն հետո հասկացել եմ, որ սա իմ կյանքի ամենահետաքրքրաշարժ պահերից մեկն է: Սա մի անհավանական կապ էր բնության հետ, և շատ ոգևորիչ էր տեսնել՝ ինչպես են մեղուները շարժվում իմ որովայնով, որում երեխա է գտնվում», - եզրափակել է Էմիլին:
















