ԵՄ-ն և ԱՄՆ-ն Հայաստանին հանգիստ չեն թողնի, մինչև չհասնեն իրենց ուզածին, իսկ ՌԴ-ն չի խանգարի ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրմանը. Գ. Տրոֆիմչուկ

09:58 • 06.09.17

Ռուսաստանը չի ճնշի Հայաստանին և չի խանգարի Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին նոր փաստաթղթի ստորագրմանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով հայաստանյան փորձագիտական շրջանակներում հնչող այն մտահոգությունների մասին, որ ՌԴ-ն կկրկնի 2013թ.-ի փորձը:
 

«Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Հայաստանին հանգիստ չեն թողնի, մինչև չհասնեն իրենց ուզածին: Նրանք ժամանակ են ձգում, որ Հայաստանին տանեն նույն շրջանը, ինչպես 2013թ.-ին: Բայց աշխարհը վերջին 4 տարիներին միանգամայն այլ է դարձել (2013թ.-ի սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը և հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին - Tert.am)»– ասաց նա:

Ըստ Գրիգորի Տրոֆիմչուկի՝ այս հարցում Ռուսաստանը ճնշում չի գործադրի Հայաստանի վրա, քանի որ դրա համար պատճառներ ունի։ «Ռուսաստանը ճնշում չի գործադրի Հայաստանի վրա, որովհետև Արևմուտքը վայրկենապես կփորձի օգտվել դրանից: Ճնշում գործադրելն իմաստ էլ չունի, որովհետև եթե Ռուսաստանը նման քայլ կատարի, ապա Հայաստանը կտրուկ կթեքվի Արևմուտքի կողմը»,- շեշտեց նա։


Ռուսաստանը, ըստ քաղաքագետի, տվյալ պարագայում ունի լավ քայլ կատարելու մեկ հնարավորություն՝ ցույց տալ, որ ԵԱՏՄ-ում ավելի լավ է, քան ԵՄ-ում: Վերջինս շեշտեց, որ Ռուսաստանը դա պետք է ցույց տա գործնականում, ոչ թե չինովնիկների ելույթներում:

«Ես որևէ նշանակություն չէի տա Եվրամիության հետ Հայաստանի ավելի մերձեցման փորձին: Հայաստանն ինքնիշխա՞ն երկիր է, այո, ուրեմն անում է այն, ինչ ցանկանում է: Բայց պետք է հիշել, որ Հայաստանի շուրջ առկա խնդիրներն իրենք իրենց չեն լուծվելու»,- նշեց Գրիգորի Տրոֆիմչուկը:

Քաղաքագետը նշեց, որ Արևմուտքը կգնա Ղարաբաղի «սուվերենացման» ճանապարհով, իսկ Ռուսաստանն այս հարցում որևէ կերպ օգնել չի կարողանա: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը դառնում է անխուսափելի, իսկ պատերազմի հետևանքների պատասխանատվությունը «դրվելու է Ռուսաստանի վրա»:




ԵՄ-ն և ԱՄՆ-ն Հայաստանին հանգիստ չեն թողնի, մինչև չհասնեն իրենց ուզածին, իսկ ՌԴ-ն չի խանգարի ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրմանը. Գ. Տրոֆիմչուկ