«Հյուսիս-հարավի» $150 մլն-ը չի ծախսվել միայն կառուցված 31 կմ-ի վրա. նախարար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմանը և դրա համար ծախսված գումարներին:
«Հյուսիս-հարավ ճանապարհի համար ծախսվել է 150 միլիոն դոլար, հանձնվել է 31 կիլոմետր ճանապարհ: Բայց այդ 150 միլիոնը չի ծախսվել միայն 31 կիլոմետրի վրա, 31 կմ-ի վրա ծախսվել է 70 միլիոն, մնացած գումարը ծախսվել է հողային աշխատանքների վրա, որը հիմա կատարվում է Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի հատվածում»,-ասաց նա։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտնեց, որ արդեն 11 կիլոմետր բետոնապատման աշխատանքներ են կատարվել և դա այդ 31 կիլոմետրի մեջ ներառված չէ:
Հիշեցնենք, որ Tert.am-ին նախարարությունից ավելի վաղ գրավոր հայտնել էին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման սկզբից մինչև 2017թ. օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում ծախսվել է շուրջ 150.3 մլն ԱՄՆ դոլար և 23,14 մլն եվրո գումար և կառուցապատվել է 31 կմ ճանապարհ:










