ԱՄՆ-ի կողմից ռազմական քայլի կիրառման դեպքում Հս. Կորեայի համար շատ տխուր օր կգա. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակին, հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Փհենյանի դեմ ռազմական գործողության տարբերակը՝ չնայած, որ կցանկանար խուսափել դրանից:
Ինչպես հայտնում է Reuters-ը, 71-ամյա ղեկավարն ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողությունները ցանկալի չեն, բայց հավանական են: Այս մասին Թրամփն ասել է Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ռազմական գործողությունները հաստատ տարբերակ են: Սակայն դրանք անխուսափելի՞ են, անխուսափելի ոչինչ չկա»,-ասել է Թրամփը: Նա նաև նկատել է, որ «ԱՄՆ-ի կողմից ռազմական քայլի կիրառման դեպքում Հյուսիսային Կորեայի համար շատ տխուր օր կգա»:
Նշենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում Կորեական թերակղզու շուրջ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Արևմուտքը Փհենյանից պահանջում է վերջ տալ միջուկային փորձարկումներին ու դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը՝ սպառնալով հակառակ դեպքում ռազմական միջամտության դիմել: Մինչդեռ պաշտոնական Փհենյանն անտեսում է կոչերն ու իր հերթին սպառնում միջուկային զենքով ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները սեպտեմբերի 3-ին պաշտոնապես հայտարարել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսված ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին: Հզոր միջուկային փորձարկման հրամանը տվել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հարավային Կորեայի պաշտպանական կոմիտեի փոխանցմամբ՝ պայթյունի ուժգնությունը եղել է 100 կիլոտոննա, ինչը բավական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար:









