Չինաստանից զենք գնելու հետաքրքրվածության մասին հայտարարությամբ Հայաստանն ուզում է ցույց տալ, որ մտահոգված է ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու փաստով. Դուբնով
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը՝ Չինաստանից սպառազինություն գնելու Հայաստանի հետաքրքրվածության վերաբերյալ, ավելի շուտ քաղաքական բնույթ ունի, քան՝ ռազմատեխնիկական: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը:
Քաղաքագետի խոսքով՝ Վիգեն Սարգսյանը, հավանաբար, նման հայտարարությամբ ուզում էր ցույց տալ, որ Հայաստանն անհանգստացած է, անգամ ջղաձգված, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու փաստից:
«Պաշտոնական Երևանը ուզում էր ցույց տալ, որ կարող է գտնել սպառազինության մեկ այլ աղբյուր: Չեմ կարծում, թե Հայաստանը Չինաստանի համար սպառազինության ոլորտում հետաքրքիր գնորդ է, որովհետև զենքի այն քանակությունը, որը կարող է իրեն թույլ տալ Հայաստանը, չեն գայթակղում վաճառողներին իրենց մասշտաբներով»,- ասաց Դուբնովը:
Ռուսաստանցի փորձագետը նկատեց, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանից սպառազինություն է ձեռքբերում ներքին գներով, ուստի Ռուսաստանում կարող են տարակուսանքով ընդունել Չինաստանից զենք ձեռքբերելու պաշտոնական Երևանի հետաքրքրությանը:
Գուցե սա է, ըստ Արկադի Դուբնովի, այն պատճառը, որ «РИА Новости» ռուսական պետական գործակալության կայքից հանվել է Վ. Սարգսյանի հայտարարության վերաբերյալ արված վերլուծությունը, որովհետև կողմերը չեն ցանկացել սկանդալային բնույթ հաղորդել դրան:
Հիշեցնենք, որ հոդվածում, որը վերնագրված է «Չինաստան՝ զենքի համար. Հայաստանին քիչ են ռուսական «Սմերչերն» ու «Իսկանդերները»», նվիրված է Վիգեն Սարգսյանի Չինաստան կատարած այցին, ՀՀ-ի՝ չինական սպառազինությամբ հետաքրքրվելու մասին լուրերի ֆոնին հիշեցվում է երկու տարի առաջ ՌԴ-ն Հայաստանին 200 մլն դոլար էր տրամադրել՝ ՌԴ–ից սպառազինություն ձեռք բերելու նպատակով: Այդ վարկով Հայաստանը ձեռք բերեց այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Սմերչ», ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ», «Իգլա-Ս» հրթիռային համակարգեր և զրահամեքենաներ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությանը, ապա Արկադի Դուբնովն ասաց, թե քիչ հավանական է, որ ՌԴ-ն հրաժարվի դրանից:
«Ռուսաստանը չի դադարի Ադրբեջանին զենք վաճառել, որովհետև Ռուսաստանն օգտագործում է ցանկացած հնարավորություն, որ դուրս չթողնի Ադրբեջանին իր ազդեցության գոտուց: Ադրբեջանն էլ իր հերթին արհեստականորեն նյարդայնացնում է իր պահվածքով՝ դիստանցիա պահելով թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ռուսաստանը ՀՀ անվտանգության երաշխավորն է, Հայաստանը վստահելի գործընկեր է ՌԴ–ի համար, Հայաստանում է ռուսական ռազմաբազան տեղակայված: Այնպես որ, չեմ կարծում, որ … Այս հարցի վերաբերյալ շատ կարելի է խոսել, բայց եթե Հայաստանից փորձեն այս հարցին ավելի լայն նայել, ապա Ռուսաստանը չի հրաժարվի հնարավորությունից ազդել ԽՍՀՄ նախկին բոլոր պետությունների վրա»,- շեշտեց Արկադի Դուբնովը:










