«Հյուսիս-հարավն» ավարտին հասցնելու ենք. Վահան Մարտիրոսյան

23:12 • 11.09.17

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման սկզբից մինչև 2017թ. օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում ծախսվել է շուրջ 150.3 մլն ԱՄՆ դոլար և 23,14 մլն եվրո: Կառուցապատվել է 31 կմ ճանապարհ: Այս տվյալները Tert.am-ին տրամադրել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ավելի ուշ նախարար Վահան Մարտիրոսյանը պարզաբանել էր, որ այդ 150 միլիոնը չի ծախսվել միայն 31 կիլոմետրի վրա, 31 կմ-ի վրա ծախսվել է 70 միլիոն, մնացած գումարը ծախսվել է այլ հատվածներում հողային աշխատանքների վրա:

Կատարված աշխատանքների, փոխհատուցումների, ինչպես նաև չհայտարարված մրցույթների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ:

-«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհն ավարտին հասնելո՞ւ է։ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մոնիտորինգի կազմակերպությունների աշխատանքային խմբի ղեկավարն ասում է, որ հաշվի առնելով ծախսված գումարն ու ժամանակը՝ այդ ճանապարհն ավարտին չի հասնի:

-Սկզբից ասեմ, որ «Հյուսիս-հարավ» ծրագիրն ավարտին հասցնելու ենք:

-Ի՞նչ է նախատեսված առաջիկայում, ճանապարհի ո՞ր հատվածն է հասցվելու ավարտին:

- 2019-ին նախատեսված է ավարտին հասցնել «Աշտարակ-Գյումրի» ճանապարհահատվածը: Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին հատվածում աշխատանքներ է իրականացնում իսպանական ընկերությունը, իսկ Թալին-Գյումրի հատվածում աշխատանքներ իրականացնում է չինական ընկերությունը: Աշխատանքներն ակտիվ շարունակվում են:

Իհարկե, այնտեղ էլ կան խնդիրներ, որոնք կապված են որակի հետ, խիստ հսկողություն է սահմանվել: Նույն՝ չինական ընկերության կողմից աշխատանքներ իրականացվող հատվածում մենք 3 անգամ քանդել ենք բետոնե ծածկը, որն իրենք փորձարարական էին դրել, ոչ թե հիմնական, բայց քանի որ չէր համապատասխանում չափանիշներին, մենք քանդել ենք տվել:

-Որքա՞ն հատված է քանդվել, այդ փորձարարական ծածկերն ի՞նչ երկարություն ունեն:

-Փորձարարական ծածկը դրվում է մի քանի հարյուր մետր: Չինական ընկերությունը առաջին անգամ և երկրորդ անգամ նորմալ որակ չապահովեց, և ծածկը քանդվեց:

-Ո՞ր դեպքում է լրացուցիչ գումար հատկացվում հիմնական բյուջեից անորակ աշխատանքի հետևանքները վերացնելու համար և ո՞ր դեպքում է այդ գումարը վճարում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը:

-Օրինակ տվյալ՝ ծածկը փոխելու դեպքում գումարը մենք չենք վճարել: Դա վճարում է շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը: Գումարները մենք վճարում ենք այն դեպքում, երբ վերահսկող ինժեներն իր համաձայնությունն է տալիս, որ կատարվել է որակով և չափանիշներին համապատասխան աշխատանք և դրանից հետո է ի հայտ եկել թերություն:

-Քանի որ բազմատրանշ ֆինանսավորում է, այն բոլոր վարկային կազմակերպությունները, բանկերը, որ 2009-ից ֆինանսավորում են ծրագիրը, դեռևս շարունակո՞ւմ են ֆինանսավորել, հրաժարվողներ կա՞ն:

-Բոլորը շարունակում են ֆինանսավորել, ֆինանսավորումը կա:

-Ի՞նչ է պետք, որ ծրագիրը հասցվի ավարտին և որքա՞ն ժամանակ։ Այս հարցում հստակեցում կա՞:

-Ի՞նչ է պետք, որ հասցվի ավարտին. նախ, հարավային հատվածում դեռ մրցույթներ չենք անցկացրել աշխատանքների իրականացման համար: Տարբեր ընկերությունների հետ քննարկումներ են գնում ճանապարհահատվածի շինարարությունը տարբեր ձևերով շարունակելու համար, վերջնական արդյունք դեռ չունենք: Այսինքն՝ դեռևս մրցույթ է հայտարարվելու մյուս հատվածների համար, Գյումրի-Բավրայի և հարավային հատվածի համար դեռ մրցույթ չի հայտարարվել: Հավանաբար մյուս տարի կհայտարարվի:

 -Պարո՛ն նախարար, ծախսված գումարի և իրականացված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց հետո քննարկումներ և համեմատականներ տարվեցին, որ նույն ծրագրի շրջանակներում Վրաստանում ավելի քիչ գումարով ավելի մեծ ծավալի աշխատանքներ են տարվել: Կա՞ն տվյալներ Վրաստանում կատարված աշխատանքի վերաբերյալ՝ իհարկե հաշվի առնելով ռելիեֆի տարբերությունը:

- Ես չեմ կարող ասել՝ ավելի շատ կամ քիչ գումարով աշխատանքներ տանելու մասին, նույնիսկ Հայաստանի տարածքում տարբեր հատվածներում գումարի տարբերություն է տալիս: Օրինակ Արտաշատ-Աշտարակ ճանապարհի վրա ավելի քիչ գումար կծախսվի, քան բարդ ռելիեֆով հատվածներում: Բացի դրանից, դա կախված է հողատարումներից, քանի որ Արտաշատի ճանապարհին հողատարման աշխատանքները քիչ էին, իսկ այն տեղերում, որ ճանապարհն անցնում է դաշտերով, այնտեղ այդ աշխատանքները շատ են: