Կրակոցներ Էջմիածնում. կա 2 զոհ. հարուցվել է քրեական գործ
11.14
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացնում են ՔԿ-ից, սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում կրակոցի հետքերով վնասված ավտոմեքենա է հայտնաբերվել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, հրազենից կրակահերթ է արձակվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Լևոն Ավետիսյանը՝ ծնված 1981թ., և ուղևոր Կարեն Դավթյանը՝ ծնված 1973թ., ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:
Դեպքի վայրի զննությամբ՝ ավտոմեքենայի հարակից տարածքից հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, իսկ ավտոմեքենայի սրահից՝ «Սայգա-ՄԿ 7.67-39մմ» գրառմամբ ինքնաձիգ՝ պահունակներով:
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
10.21
Քննչական կոմիտեից հավելեցին, որ սպանվել են Արմավիրի մարզի բնակիչներ` 1973 թ. ծնված Կարեն Դավթյանը և 1981 թ. ծնված Լևոն Ավետիսյանը:
Մեր տեղեկություններով՝ Կարեն Դավթյանը քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկու ընկերն է:
09.53
Երեկ գիշեր Էջմիածնում կրակոցներ են հնչել: Անհայտ անձը կամ անձինք կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ. նախնական տվյալներով՝ 2 անձ սպանվել է:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ։
Նշենք, որ սպանվածներն են ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը:










