ԱՄՆ ապրանքներ արտահանելիս հայաստանյան գործարարները կարող են ավելի շատ օգտվել GSP հնարավորություններից. ԱՄՆ դեսպան

10:54 • 13.09.17

Այսօր հայ-ամերիկյան առևտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  լրագրողների հետ զրույցում կարևորեց համաժողովին մասնակցության համար Հայաստան  ժամանած ԱՄՆ Առևտրի ներկայացուցիչների ներկայությունը:


Նա նշեց, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաները այստեղ են, որ ներկայացնեն արտոնությունների ընդհանրացված համակարգի կամ GSP համակարգի ներքո առկա հնարավորությունները, որոնցից Հայաստանը կարող է օգտվել: «Այս ծրագրի շրջանակներում որոշակի երկրներից որոշակի ապրանքատեսակներ հնարավոր է ԱՄՆ արտահանել արտոնյալ ռեժիմով՝ նվազեցված մաքսային վճարներով: Այս պահին Հայաստանից ԱՄՆ  արտահանումների 60 տոկոսը իրականացվում է հենց GSP ռեժիմի ներքո»,-ասաց նա և նշեց, որ հիմնականում այդ ապրանքներն են ալյումինե փայլաթիթեղը, ջեմերը, ոսկերչական իրերը:


«Սակայն ես նաև հավատացած եմ, որ Հայաստանյան գործարարները կարող են ավելի շատ օգտվել այս հնարավորություններից»,-ասաց նա:


Անդրադառնալով Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի հնարավոր ստորագրմանը, դեսպանն ասաց, որ այդ հարցը Հայաստանի կառավարության կողմից բարձրացվել է: «Մենք նշել ենք, որ նման համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի, եթե իրապես անհրաժեշտություն առաջանա առևտուրը խթանելու համար նման համաձայնագիր ունենալ»,-ասաց նա:


Ըստ նրա  1970-ական թվականների ընդունված և այս պահին էլ գործող կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնագիրը լիովին բավարարում է երկու երկրների առևտրային հարաբերությունների իրականացմանը: «Մենք սպասում ենք, թե ինչ փաստարկներ կներկայացնեն Հայաստանի կառավարության կողմից, որոնցով կհիմնավորվի նոր համաձայնագրի անհրաժեշտությունը»,-ասաց նա: