Եվրախորհրդարանը քվեարկել է աղմկահարույց «Ադրբեջանական լվացքատան» գործով հետաքննություն սկսելու օգտին

17:37 • 14.09.17

Եվրախորհրդարանը որոշել է հետաքննություն սկսել բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի և մեդիագործընկերների ջանքերի շնորհիվ բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» անվանումով աղմկահարույց գործով:

Ինչպես նշում է The Guardian-ը, եվրապատգամավորները հայտարարել են, որ Բաքուն փորձել է զարտուղի ճանապարհներով ներազդել եվրոպացի օրենսդիրների որոշումների վրա:

Նշվում է, որ «Ադրբեջանական լվացքատուն» ապօրինի ֆինանսական սխեմայի միջոցով Ադրբեջանի վերնախավը տևական ժամանակ ոչ միայն զբաղվել է փողերի լվացմամբ, այլև իր ազդեցությունն ավելացնելու նպատակով խոշոր գումարներ փոխանցել ադրբեջանական շահն առաջ տանող լոբբիստներին, ջատագովներին ու եվրոպացի քաղաքական գործիչներին:

Եվրապատգամավորները պահանջել են այս գործով համապարփակ հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար, թե Ադրբեջանի բռնատիրական ռեժիմն ինչպես է ապօրինի ճանապարհներով ազդել եվրոպացի քաղաքական գործիչների որոշումների վրա: Խոսքը վերաբերում է այն քաղաքական գործիչներին, որոնք 2013թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) դեմ են քվեարկել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող զեկույցին:

Եվրախորհրդարանի անդամները ձայների 349 կողմ, 290 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ քվեարկել են «Ադրբեջանական լվացքատան» գործով խորհրդարանական համապարփակ հետաքննություն սկսելու օգտին:

Սրանից զատ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը կոչ է արել Ադրբեջանի դեմ աննախադեպ դատական գործ սկսել՝ հիմնվելով այն փաստի վրա, որ այդ երկիրը հրաժարվում է ազատ արձակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից արդարացված քաղբանտարկյալին՝ ընդդիմադիր գործիչ Իլգար Մամադովին: Հայտնի է, որ 2013թ. հակակառավարական ցույցերի կազմակերպման մեղադրանքով կալանավորված Մամադովի գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ նրան ազատազրկել են երկրի իշխանություններին քննադատելու համար: Սակայն Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է Մամադովին ազատ արձակել:

Աղբյուրը նկատում է, որ եվրոպացիների կողմից Բաքվի դեմ նման կտրուկ հայտարարությունները մատնանշում են, որ Եվրոպայի կարևորագույն հաստատություններում օրակարգային են դառնում Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների ու կոռուպցիայի հարցերը:

Եվրոպայի խորհրդում կայացած նիստի ժամանակ պատվիրակները կոչ են արել Յագլանդին դատական գործ սկսել Ադրբեջանի դեմ՝ ՄԻԵԴ-ի վճիռներն անտեսելու մեղադրանքով: Աղբյուրը նկատում է, որ Եվրոպայի խորհրդի գոյության 68 տարվա պատմության ընթացքում սա աննախադեպ քայլ է:


«Մենք չենք կարող Եվրոպայում քաղբանտարկյալներ հանդուրժել, ինչպես նաև չենք կարող հանդուրժել մի իրավիճակ, որում Ադրբեջանը շարունակում է Մամադովին զրկել ազատության իրավունքից, ինչը հակասում է բարձրագույն դատարանի վճռին: Ժամանակն է, որ Ադրբեջանը լուրջ մտածի Եվրոպայի խորհրդի անդամ լինելու շրջանակում ստանձնած պարտավորությունների ու դրանք իրագործելու մասին»,-ասել է Յագլանդը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ապօրինի ֆինանսական սխեման իրագործվել է 2012-2014թթ.: Այդ ընթացքում փոխանցվել է 2.9 մլրդ դոլար, ինչը նշանակում է, որ ամեն օր Ադրբեջանից միջինը 3 մլն դոլար է փոխանցվել: Ընդհանուր առմամբ, արվել է ավելի քան 16.000 փոխանցում ՝ տարբեր արժույթներով:

Թեև այդ գումարների ծագման աղբյուրը միշտ չէ, որ պարզ է, սակայն միանշանակ է, որ դրանք փոխանցվել են երկրի նախագահ Իլհամ Ալիևի, նախարարությունների, ինչպես նաև վերջերս սնանկության մասին հայտարարած Ադրբեջանի միջազգային բանկի հետ կապված ընկերությունների կողմից:

Կանխիկ գումարը փոխանցվել է բրիտանական 4 օֆշորային ընկերության (Hilux Services, Polux Management, Metastar Invest , LCM Alliance) միջոցով: Այնուհետև գումարը ծախսվել է տարբեր երկրներում՝ այդ թվում նաև Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Ղազախստանում: