Թուրքիայի հայկական Վագըֆ գյուղում վերջին տարիներին ավելացել են հարսանիքներն ու ծնունդները. «Ակօսի» անդրադարձը

16:29 • 14.09.17

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Հաթայի նահանգի մեջ մտնող և մինչ մեր օրերը հայաբնակ մնացած Վագըֆ գյուղի (պատմական Կիլիկիայի գյուղերից - tert.am) բնակիչները, չնայած ինտենսիվ արտագաղթին ու դժվարին պայմաններին, շարունակում են իրենց ապագան ու հույսերը կապել հայրենի գյուղի հետ. վերջին 3-4 տարում գյուղում առավել հաճախակի դարձած հարսանիքներն ու ծնունդներն այդ հույսի ամենամեծ աղբյուրն են:

Ինչպես ներկայացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», Վագըֆը հիմնականում հայտնի է որպես «ծերացող գյուղ», քանի որ 100-ը չգերազանցող հայ բնակչության մեծ մասը բաղկացած է տարեց կանանցից ու տղամարդկանցից, որոնք չեն ցանկանում լքել հայրենի գյուղը՝ Կիլիկիայի վերջին հայկական բնակավայրը մեր օրերում: 

«Սակայն, արի ու տես, որ Վագըֆում երիտասարդներ էլ կան: Գյուղի օդի՞ց է, թե՞ ջրից՝ չգիտենք, բայց շատ խելացի են այստեղի երիտասարդները: Գյուղի բնակչության թվաքանակի նվազեցման պատճառներից մեկն էլ ուսման հանդեպ մեծ սերն է: Վագըֆի բնակչությունը խիստ նոսրացավ, երբ ուսման նպատակով բազմաթիվ հայ գյուղացիներ այստեղից մեկնեցին տարբեր քաղաքներ ու երկրներ: Վագըֆցիների շրջանում բժիշկ էլ կա, ատամնաբույժ էլ, ճարտարապետ էլ, ինժեներ էլ», - գրում է «Ակօսի» լրագրողներից Լոռա Բայթարը՝ միևնույն ժամանակ նկարագրելով գյուղի կանանց հագեցած ու հետաքրքիր առօրյան:

Պարզվում է՝ Վագըֆում հայ կանայք մուրաբաներ ու լիկյոր են պատրաստում ու վաճառում իրենց մոտ աճող մրգերից։

«Այս կանայք աշխատում են մեղվի պես: Նրանց շատ հաճախ չեք տեսնի գյուղի կենտրոնում, որովհետև տանը նրանց են սպասում չորացող կանաչիները, ձիթապտուղները, նռան սոուսները, շատ գործ ունեն անելու», - պատմում է Բայթարը:

Նշենք, որ Վագըֆ գյուղը (թուրքերեն անունը Վաքըֆլը - tert.am) պատմական Կիլիկիայի տարածքում գտնվող վերջին հայկական գյուղն է: Այն հաճախ անվանում են Թուրքիայի միակ հայկական գյուղը, քանի որ այն միակն է, որ ունի գործող եկեղեցի և երկրում պաշտոնապես գրանցված է որպես քրիստոնեական հայկական համայնք, մինչդեռ մահմեդականացված կամ ծպտյալ քրիստոնյա հայերի մի շարք գյուղեր ամբողջ Թուրքիայի տարածքում նման գրանցում չունեն՝ պետության ու պատրիարքարանի կողմից գրանցված և գործող եկեղեցի չունենալու պատճառով: 

Թուրքիայի հայկական Վագըֆ գյուղում վերջին տարիներին ավելացել են հարսանիքներն ու ծնունդները. «Ակօսի» անդրադարձը