Իրականությանը չի համապատասխանում լուրը, թե Վերնիսաժի կրակոցների թիրախ Վահագն Աբգարյանը իմ թիմից է. Լոռու մարզպետ

14:47 • 15.09.17

Ալավերդին փոքր քաղաք է, բոլորը բոլորին ճանաչում են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ անդրադառնալով երեկ Երևանի Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցներին, (որոնց հետևանքով 1 մարդ զոհվել էր, մեկը վիրավորվել) և այն մեկնաբանություններին, թե «ալավերդյան վենդետան եկավ, հասավ Երևան»: 

«Դրա պատասխանը պետք է իրավապահները տան, ես ի՞նչ պատասխան պետք է տամ»,- նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ մամուլը մանրամասն տեղեկատվություն էր տրամադրել երեկ Վերնիսաժում հնչած կրակոցների նախապատմության վերաբերյալ: Մասնավորապես, ըստ «Ժողովուրդ օրաթերթի», վիրավոր Վահագն Աբգարյանը, որը եղել էր մահափորձ կատարողների թիրախում, Արթուր Նալբանդյանի թիմի անդամ է, և 2015-ին Ալավերդու ընտրություններին հիմնական թեկնածուները մարզպետի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու քրեական հեղինակություն՝ Տարոն Աբգարյանի եղբայր՝ Արթուր Աբգարյանն էին: «Ի վերջո, հաղթեց մարզպետի թեկնածուն, որից հետո Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը սպանել էր Ալավերդու բնակիչ Վարդան Ավագյանին և Էդուարդ Պողոսյանին: Վերջիններս հենց Վահագն Աբգարյանի թիկնապահներն էին»,- գրել էր թերթը:

«Դա իրականությանը չի համապատասխանում ու չի կարող համապատասխանել: Եթե խոսքը Ալավերդու ընտրությունների մասին է, ապա Ալավերդու քաղաքապետին 5000 հոգուց ավել մարդ է ձայն տվել: Հիմա ձայն տվողներից մեկն էլ կարող է իրենցից որևէ մեկն է եղել, դա ի՞նչ կապ ունի ընտրությունների հետ, եթե մարդիկ միջանձնային խնդիր ունեն: Ալավերդին փոքր քաղաք է, և բոլորն իրար ճանաչում են»,-ասաց Լոռու մարզպետը:

Ի պատասխան հարցի, թե արդյոք անձնապես ճանաչում է Վերնիսաժի կրակողների գործող անցնող անձանց, մարզպետը նշեց.«Նորից եմ կրկնում, Ալավերդին փոքր համայնք է և, այո, ճանաչում եմ, Գագիկը և բանը (նկատի ունի Վահագն Աբգարյանին – Tert.am) մեր թաղից են: Հիմա էս վերջերս իրենք գնացել են Երևան, ես էլ արդեն վեց տարի է՝ շաբաթը երկու օր եմ Ալավերդիում լինում։ Երբեք այդ շփումը, կապը չի եղել, բայց դա նշանակություն չունի, ճանաչում եմ, մենք մի թաղում ենք ապրել»։ 

Հարցին, թե տարածում գտած «Քրեական Ալավերդի» բնորոշման մասին ի՞նչ կարծիքի է մարզպետ Արթուր Նալբանդյանը նաև որպես մարդ, որը ծնվել, մեծացել է այդ քաղաքում և շարունակում է ապրել այնտեղ, նա պատասխանեց. «Ախր, բաներ կան, որ պետք է իրավապահները պարզեն, արդեն ամեն ինչ ավելի պարզ կդառնա, համբերենք»,-կրկնեց մարզպետը:

Նա նշեց, որ համաձայն չէ «կրիմինալ Ալավերդի» ձևակերպման հետ. «Ոչ, Ալավերդի քաղաքում ես նման բան չեմ նկատել ու պարբերաբար, եթե դեպքեր եղել են, չի նշանակում, որ ողջ քաղաքը կրիմինալի մեջ է: Ամբողջ աշխարհում էլ լինում են դեպքեր: Այո, տհաճ դեպք է, ողբերգական դեպք է»:

Մարզպետը հավելեց, որ այս համատեքստում շատ կարևոր է դեպքի բացահայտումը:

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ 3 անձանցից 2-ը, որոնք հետախուզվում են երեկ Վերնիսաժում հնչած կրակոցներն արձակելու կասկածանքով, նույնպես Ալավերդու բնակիչներ են:

Հիշեցնենք, որ ժամանակին մամուլն անդրադարձել էր հենց իր՝ Արթուր Նալբանդյանի կենսագրությանը՝ նշելով, որ ձերբակալվել ու կալանավորվել էր 2000-ի դեկտեմբերի 27-ին: Ապա` դատարանը Արթուր Նալբանդյանի նկատմամբ կայացրել էր վճիռ՝ նրան դատապարտելով 100 հազար դրամ տուգանքի՝ որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնվելով այն, որ նա տառապել է սրտի, թոքի, երիկամների անբավարարությամբ: 

Մարզպետն ինքը, սակայն, այս տեղեկությունը հերքել էր՝ ասելով. «Նման բան չի եղել: Հո հարյուր տարի չի՞ անցել այդ պատմությունից, ընդամենը մի քանի տարի է անցել, և բոլորը գիտեն, թե այդ պահին որտեղ եմ եղել, որ ազատազրկման վայրում չեմ եղել»: 

Իրականությանը չի համապատասխանում լուրը, թե Վերնիսաժի կրակոցների թիրախ Վահագն Աբգարյանը իմ թիմից է. Լոռու մարզպետ