Դեր Զորում ԻՊ-ի ահաբեկիչների մի խումբ հանձնվել է սիրիական բանակին. լրատվամիջոցներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների մի խումբ կամավոր կերպով հանձնվել է սիրիական բանակին, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով աղբյուրի:
Թե ինչ պայմաններում են հանձնվել ահաբեկիչները՝ հայտնի չէ:
Նախօրեին Սիրիայի բանակին հաջողվել է մտնել Ալ Մուրիա բնակավայր, ինչպես նաև ԻՊ-ականներից ազատագրել Սարդա և Քարրում լեռնային զանգվածները:
Ներկա դրությամբ ահաբեկիչները հետ են շպրտվել Դեր Զոր քաղաքից 5-7 կմ դեպի արևելք։
Այժմ սիրիական բանակի ու ԻՊ-ի միջև դաժան մարտեր են ընթանում հատկապես Ջաֆրա շրջանում՝ Դեր Զոր քաղաքի ծայրամասում, որտեղից սիրիական բանակը ջանում է ճանապարհ բացել դեպի Եփրատ:
Օրեր առաջ սիրիական բանակի ուժերը երկրորդ հաջող գրոհից հետո կարողացել են միավորվել բանակի՝ դեռևս սեպտեմբերի 5-ին Դեր Զոր քաղաք ներթափանցած զորախմբին, որոնց հետ հանդիպել են քաղաքի հարավային դարպասների մոտ:
Դեր Զորը համարվում է ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը Սիրիայում: Դեպի Դեր Զոր մարդասիրական օգնություն է հասցվում բացառապես օդային ճանապարհով, քանի որ ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակված են ահաբեկչական օղակով:
Նշենք, որ Եփրատ գետի աջ ափին ընկած Դեր Զորը նաև համանուն Դեր Զոր մարզի վարչական կենտրոնն է, որը սիրիացիները հաճախ կոչում են «Անապատի մարգարիտ»:










