Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի անցկացման համար ծախսվել է մոտ 85 միլիոն ՀՀ դրամ
Սեպտեմբերի 18-20-ը Երևանում «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի անցկացման համար ծախսվել է մոտ 85 միլիոն ՀՀ դրամ: Այս մասին Tert.am -ին հայտնեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
«Դահլիճի ձևավորում, տեխնիկական միջոցների վարձակալություն, համույթներ, երաժշտական, ձևավորում, համաժողովի տպագրական նյութերի պատվիրում՝ փաթեթներ, բլոկնոտներ, և այլն»,-մանրամասնեց Ֆիրդուս Զաքարյանը:
Վերջինս չէր հիշում, թե որքան գումար է ծախսվել համաժողովին նախորդող օրը հրավիրյալների «Փարավոն» ռեստորանային համալիրում ընդունելության համար:
Նշենք, որ ռեստորանի ընտրությունը ֆեյսբուքյան որոշ օգտատերերի մոտ հարցականներ էր առաջացրել:
Մասնավորապես ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը հեգնանքով նկատել էր. « Հայաստան-Սփյուռք համաժողովը սկսվեց «Փարավոն» ճոխ համալիրի եգիպտոսապատկերներով լցված ճոխ դահլիճում, որի զակուսկաճոխ սեղանները նպաստում են ցավոտ խնդիրների լուրջ քննարկմանը: Հաջողություն մաղթենք համաժողովի աշխատանքներին...»:
Հարցին, թե ինչո՞ւ ընտրվեց հենց «Փարավոնը», ֆիրդուս Զաքարյանը պատասխանեց, որ Հայաստանում ընդամենը երկու ռեստորանային համալիր ունեն նման մեծաքանակ հյուրեր տեղավորելու դահլիճային հնարավորություններ՝ մեկը «Փարավոնը», մյուսը՝ «Փարվանան»:










