Մելանյա Թրամփին վրդովեցրել է Խորվաթիայում իր կերպարի՝ գովազդային նպատակներով օգտագործումը

22:36 • 20.09.17

ԱՄՆ առաջին տիկինը վրդովվել է Զագրեբում իր կերպարը գովազդում օգտագործելու պատճառով: Մելանյա Թրամփի լուսանկարն իր գովազդային վահանակում կիրառել է Americki Institut լեզուների ուսուցման դպրոցը:

Ինչպես հայտնում է DW.com-ը, տիկին Թրամփի լուսանկարի ֆոնին գրված կարգախոսն ասում է. «Պատկերացրեք, թե որքան հեռու կարող եք գնալ՝ փոքր-ինչ անգլերենի տիրապետելով»: ԱՄՆ առաջին տիկնոջ փաստաբանները մտադիր են դիմել դատարան՝ նրա լուսանկարը առանց նախնական համաձայնության կոմերցիոն նպատակներով օգտագործելու համար:

Բացի այդ, խորվաթական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք դպրոցին պարտավորեցրել են 24 ժամվա ընթացքում ապամոնտաժել բոլոր պաստառներն ու գովազդային վահանակները:
 
Americki Institut-ի ներկայացուցիչը լրագրողներին հայտարարել է, որ Մելանյա Թրամփի կերպարն օգտագործվել է որպես օրինակ, որին արժի նմանվել:

Նշենք, որ Սլովենիայի Սևնիցա քաղաքում, որտեղ ծնվել և մեծացել է Մելանյա Թրամփը, նրա անունով որոշ մթերքներ են վաճառվում: