Անկախություն ձեռք բերելուց հետո կորցրեցինք մեր անկախությունը՝ աստիճանաբար. Սասուն Միքայելյան

20:40 • 20.09.17

«Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է անկախության 26 տարիների ընթացքում Հայաստանի՝ որպես անկախ ու ինքնիշխան պետության կորուստներին ու ձեռքբերումներին:

-Պարո՛ն Միքայելյան, վաղը՝ Հայաստանի անկախության ձեռքբերման 26-րդ տարեդարձն է: Գլոբալ նայելու դեպքում կարո՞ղ եք ասել՝ ինչ ենք ձեռք բերել, ինչ՝ կորցրել:

-Մենք անկախանալով՝ կորցրեցինք մեր անկախությունը՝աստիճանաբար, տարեց տարի, մեր իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում: Այսինքն՝ մեր ժողովուրդը դուրս մնաց մեր պետության՝ անկախ Հանրապետության ամրապնդման գործընթացից: Ու մեր հայ ժողովուրդը, հատկապես Հայաստանում բնակվող, այս բոլոր՝ նախընտրական, ընտրական պրոցեսների ընթացքում ընդամենը մաս կազմեց ուրիշների՝ կոնկրետ,  մեր իշխանությունների ֆինանսական, «աշխատանքային» պրոցեսների՝ այդ իշխանությունների կամքով և ցանկությամբ:  Ու ինչպես մեր Առաջին Հանրապետությունը դիմացավ ընդամենը 2 տարի, այնպես էլ  այսօր Երրորդը կանգնած է նման վտանգի առաջ ու գտնվում է ոչ պակաս վտանգավոր ժամանակահատվածում: Մինչև մեր ժողովուրդը չգիտակցի, որ էսքան ներելով, թույլ տալով, կամ կներեք՝ գումար վերցնելով, հետո բողոքելով ու արտագաղթելով,   ոչ մի տեղ չենք հասնի, այս երկրում ոչ մի բան չի փոխվի: 

-Գալուստ Սահակյանը մեկնաբանեց՝ մեր ժողովուրդը չհասկացավ անկախությունը՝ արտագաղթեց:

-Ինքը հակառակն է ասել. մեր ներկայիս իշխանությունները չհասկացավ անկախության գինը ու դրա համար ժողովուրդը, ստիպված, արտագաղթում է:

-Իսկ ինչ եք կարծում՝ այս ամենը հատուկ քաղաքականության արդյունքո՞ւմ է, հիշում եք՝ Տիգրան Սարգսյանն ասում էր՝ չարտագաղթեն,որ հեղափոխությո՞ւն անեն:

-Մենակ ինքը չէ. ամեն վարչապետ, ամեն իշխանավոր եկավ, շարունակեց  գործունեությունը, որը  ձեռնտու էր որոշ անձերի: Գումարած այն, որ մենք Ռուսաստանի կամակատարն ենք դարձել: Բոլոր պետությունների հետ էլ կարելի է համագործակցել, բայց համագործակցել որպես՝ պետություն  պետության հետ:

-Հիմա ընդունված կարծիք կա, թե հիմա ո՞ր երկիրն ունի  բացարձակ ինքնիշխանություն, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ անգամ որևէ հզոր երկիր: Դրա համար, շատ ավելի ձեռնտու է լինել միությունների մեջ, բլոկների՝ այս կամ այն: Այս մոտեցումներում ինչ-որ ռացիոնալ հատիկ կա՞:

-Աշխարհում անկախ պետություններ չկան: Թե՛ ֆինանսապես, թե ՛ սոցիալապես, բոլոր հարցերում պետություններն իրարից կախված են, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ուրիշ պետության կամակատարը դառնանք: Սա մեր իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում է, և իրենք էլ են հասկանում, որ սխալ ճանապարհ են բռնել, բայց իրենք գերադասում են իրենց իշխանությունը: Չմոռանանք, որ մենք  այս անկախությունը  հայ ժողովրդի զրկանքների  զրկանքների ու  հազարավոր քաջորդիների կյանքի գնով ու մեր համախմբվածության արդյունքում ենք ձեռք բերել:

-Ինչ-որ մի պահի հնարավո՞ր է այս ամենն ուղղել, թե անդառնալի է ամեն ինչ:

-Եթե մենք չհասկանանք սա, չուղղենք, իրոք սարսափելի կորուստներ ենք ունենալու, ընդհուպ մինչև լրիվ կորցնելու ենք մեր պետականությունը: Ու  այսօր ամենավտանգավորը, կրկնում եմ, այն է, որ մեր ժողովրդի համար սա սովորական բան է դարձել, որովհետև մարդիկ գոյատևման խնդիր են առաջ բերել: Մարդուն կարող են  բռնանան, ստրկացնեն. բայց  մենք գիտենք, որ   ստրուկներ են եղել, որ պայքարել իրենց ազատության համար: Իսկ այսօր  մեր  սեփական ժողովրդին տանում ենք դեպի ստրկամտություն: Սրա դեմը պետք է առնվի օր առաջ, ամեն մի գիտակից մարդ պետք է սրա մասին մտածի:

-Տեսեք՝ ռուսերենի  մասին  հայեցակարգ,  մեր փողոցների անվանակոչության հարցում ռուսական միջամտություն, ընդհուպ մինչև օրենքի նախագիծ, որը, համաձայն մեկնաբանությունների, կարող է թույլ տալ, որ ռուսաստանցի հրամանատարը որոշի մեր ռազմամթերքի օգտագործման նպատակայնությունը: Հիմա, Ձեր կարծիքով՝ մեր իշխանություններն այս հարցում ի՞նչ պետք է անեն: Կոնկրետ:

-Կրկնում եմ՝ իշխանություններին ձեռնտու է այն, որ իրենց իշխանությունը պահելու համար բավարարեն ռուսական կողմի ցանկությունները: Մենք այսօր պետություն չենք, մեր իշխանությունները պետականամետ չեն: Ու եթե այսօր մենք որպես պետություն հանդես չգանք, բնական է, որ դրսի ուժերն էլ նման  ցանկություններ կունենան: Որ ռուսական բանակը, խաղաղապահ զորքերի անվան տակ մտնի Ղարաբաղ: Ամենավտանգավորը գիտե՞ք որն է, որ մենք, թողնելով մեր Արցախ աշխարհը՝ մեր հիմնական նպատակը, մաս կազմեցինք, մտանք ԵԱՏՄ՝ առանց  Արցախի: Եթե Արցախը մտներ, ուրիշ հարց էր, կարող էինք ինչ-որ քայլերի, զիջումների գնալ հանուն Արցախի միասնության: Ու առանց Արցախ ԵԱՏՄ մտնելով՝ ռուսներին էլ, ադրբեջանցիներին ասում ենք՝ Արցախը մեր տարածքային ամբողջականության մեջ չէ: Դրա համար էլ ադրբեջանցիք հոխորտում են, թե  Արցախը մեր հողն է:

- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հայաստան-Սփյուռք համաժողովին ԼՂ հարցի շուրջ իր խոսքում հայտարարեց. «Խոսքն այն տարածքների մասին, որոնց վերադարձի դեպքում ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»։ Դուք գիտե՞ք՝ խոսքը ի՞նչ տարածքների մասին է, որոնք չեն վնասի այս ողջ համակարգին: Ի՞նչ եք կարծում՝ խոսում էր Աղդա՞մի մասին:

-Աղդամը նկատի ուներ, որը Ստեփանակերտից 22 կիլոմետր է հեռու: Մեր իշխանությունները շատ վտանգավոր խաղ են խաղում: Այսինքն՝ ինչ նորից սկսենք, կամ թողնենք ապագա սերունդների ուսերի՞ն: Եթե հաշվի առնենք իշխանությունների բազմիցս արած հայտարարությունները, որ Աղդամը մեր տարածքը չէ:

-Իսկ Ձեր համար հասկանալի է՞ Ղարաբաղյան կողմից դիրքորոշումը և արդյո՞ք այս հարցում կա միատարրություն: Այն առումով, որ  ոչ մի տարածք, դրանք մեր Սահմանադրության մեջ ամրագրված են:

-Ես չգիտեմ՝ Արցախում «ինչատարր» դիրքորոշում կա, ես գիտեմ, որ այս հարցում Հայաստան-Արցախի միասնական դիրքորոշումն է անհրաժեշտ:  Միշտ ասում են՝ չէ, թե Արցախի հարցը պետք է արցախցին լուծի, դա սխալ հոգեբանություն է: Այսինքն՝ պահի տակ, իրավիճակից ելնելով իրենց ձեռնտու բաներ  են ասում: Չեմ ուզում մանրանալ, բայց այս  պատերազմը անցել ենք միասին: Այսինքն՝ եթե այս  տրամաբանությամբ ենք առաջնորդվում, հայաստանցու հարցն ո՞վ պետք է որոշի, եթե Ղարաբաղի հարցը ղարաբաղցին պետք է  որոշի: Ի՞նչ է, մենք տարբեր ժողովուրդ ենք:

 

 

Անկախություն ձեռք բերելուց հետո կորցրեցինք մեր անկախությունը՝ աստիճանաբար. Սասուն Միքայելյան