Իրանական գազի գնման մասին Հայաստանի հետ բանակցություններ եղել են, վարչապետի առաջիկա այցի ընթացքում էլ կքննարկենք. Իրանի դեսպան (տեսանյութ)
Մենք բավարարված չենք հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառությամբ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ով ներկա էր Երևանում բացված իրանական ապրանքների և ծառայությունների էքսպո-ցուցահանդեսին:
«Ո՛չ Իրանի կառավարությանը, ո՛չ էլ Հայաստանի կառավարությանը չեն բավարարում առևտրաշրջանառության ներկայիս ծավալները: Բայց, եթե համեմատենք Իրանի և այլ պետությունների միջև առևտրաշրջանառության հետ, ապա այն մեզ համար, ամեն դեպքում, գոհացուցիչ է: Մենք որոշել ենք, որ մեր երկրների հնարավորությունները լավագույնս ներկայացնենք միմյանց՝ զբոսաշրջիկներ այցելեն, ցուցահանդեսներ կազմակերպվեն և այլն»,- ասաց դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Նա նշեց, որ Իրանը՝ որպես տարածաշրջանային հզոր երկիր, ուշադրություն է դարձնում ինքնաբավությանը, կարևորում է իր բարեկամական հարաբերությունները հարևան պետությունների հետ, ուստի Հայաստանն ու Իրանը կարող են լավագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությունից, համատեղ արտադրանքը ներկայացնել ողջ աշխարհին:
Դեսպանն ասաց, որ հայկական Սփյուռքը լավագույնս կարող է ներկայացնել համատեղ արտադրանքը աշխարհին: «Լավ հնարավորություն կա գիտնականների, արդյունաբերողների համար ներկայացնելու իրենց արտադրանքը և սա կկանխի երկրից այլ երկրներ մեկնելու հոսքը: Իրանն ու Հայաստանը դարեր ի վեր կողք-կողքի ապրել են, ունեն պատմություն: Իրանը խաղաղասեր պետություն է և իր բոլոր հարևան պետություններին խաղաղություն ու բարգավաճում է մաղթում: Հայ համայնքն Իրանում խաղաղ գոյակցում է Իրանի մահմեդականների կողքին, իսկ մեր իրանցիները Հայաստանում քրիստոնյաների կողքին են խաղաղ ապրում»,- նշեց նա:
Դեսպանը հայտնեց, որ ապագայում նախատեսվում է Հայաստան-Էքսպո ցուցահանդեսի կազմակերպում Իրանում, մեր հայրենակիցներին կներկայացվի հայկական արտադրանքը, իսկ արդյունքում՝ կմեծանա առևտրատնտեսական համագործակցությունը, կաճի զբոսաշրջությունը:
«Իրանի զբոսաշրջիկների մեծ հոսք կա դեպի Հայաստան: Նրանք հետաքրքրված են Հայաստանով, գալիս են ցամաքային օդային եղանակով: Հյուսիս–հարավ մայրուղին բարեկարգման կարիք ունի, դրանից հետո մեծ հնարավորություն կստեղծվի, որ սեփական ավտոմեքենաներով մարդիկ կկարողանան հեշտ երթևեկել»,- շեշտեց նա:
Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե էներգետիկ ոլորտում համագործակցություն կլինի՞, հնարավո՞ր է, որ Իրանը գազ մատակարարի Հայաստանին, դեսպանը նշեց. «Մենք բանակցություններ ենք ունեցել, վարչապետի առաջիկա այցի ընթացքում տարբեր հարցեր են քննարկվելու: Իրանը միշտ ձեր կողքին է եղել ու կլինի ձեր կողքին է»:










