Սիրիական պատերազմի տարիներին հայ համայնքը չի կազմալուծվել, իսկ այժմ իրադրությունը հուսադրող է և վերադարձողներ կան. Ժիրայր Ռեիսյան (տեսանյութ)
Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ Սիրիական հակամարտության տարիներին հայկական սփյուռքի «ողնաշարը» համարվող հայ համայնքը չի կազմալուծվել: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հակառակ տիրող պատերազմական վիճակին՝ անգամ ամենաթեժ պահերին Հալեպում հայկական դպրոցների, եկեղեցիների դռները բաց մնացին, զանազան կազմակերպություններ շարունակեցին իրենց գործունեությունը :
«Այսօր ,երբ կացությունը շատ ավելի հուսադրող եղավ, արդեն վերադարձողներ կան, ոչ միայն ներսի քաղաքներից, այլ նաև դրսից եկողներ: Բնականաբար թվային վիճակագրություն չկա, բայց հաստատ է , որ վերադարձող ընտանիքներ եղան վերադարձան,Լիբանանից, Հայաստանից և անգամ ավելի հեռավոր ափերից»,- ասաց նա:
Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ Սիրիական հակամարտության ընթացքում համայնքը, անկասկած, շատ մեծ կորուստներ կրեց, դրանք՝ և՛ նյութական էին, և՛ մարդկային: «Անշուշտ եթե համեմատենք Սիրիայի ընդհանուր ժողովրդի հետ, հայ համայնքի կորուստները քիչ են, բայց մեր թվի և ունեցածի մեջ մենք լուրջ կորուստներ և վնասներ ունեցանք: Որոնց մեծ մասի արձանագրությունն ու վիճակագրական տվյալները կան . ինչպես նաhատակված հայ զինվորականների, այնպես էլ՝ ահաբեկչություններին զոհ դարձած մարդկանց, ու վիրավորների, որոնք բավականին մեծ թիվ են կազմում» :
Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ պատերազմի հետևանքով համայնքի զավակներից շատեր կորցրին իրենց աշխատատեղերը, կողոպտվեցին ունեցվածքը, քանդվեցին շատերի բնակարանները և այժմ դրանց վերականգնման անհրաժեշտություն կա:
Նրա խոսքով՝ հայությունը միշտ էլ Սիրիայում հարգանքի է արժանացել և՛ իշխանությունների, և՛ ժողովրդի կողմից: Նա Սիրիայի խորհրդարանում պատգամավորների առկայությունը չպայմանավորեց նրանով, որ սիրիական իշխանությունները շահեր են ունեցել հայերից: Նա նկատեց, որ միշտ էլ Սիրիայի խորհրդարանում հայազգի պատգամավորներ եղել են բացի պատահական մի քանի շրջաններից:
«Ուրախ ենք եւ հպարտ, որ այս շրջանին ունենք երկու պատգամավոր . մեկը Հալեպից, մյուսը՝ Դամասկոսից»,- ասաց նա:
Պատասխանելով Սիրիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղված հայ համայնքի աշխատանքների մասին՝ նա նշեց․« Սիրիան իր հողով ու ժողովրդով արդեն իսկ հայոց ցեղասպանության վավերական վկաներն են. իրենք ճանաչողեն և ոչ ճանաչելու կարիք ունեցող: Իսկ պետականորեն, նույնիսկ խորհրդարանի ներսում շուրջ 2 տարիներ առաջ , մեր ավելի քան 1,5 միլիոն նահատակների հիշատակին զորակցական ելույթներ ու հարգանքի րոպե տեղի ունեցավ . 100- ամյակին , Երևանում կայացած գլխավոր միջոցառմանը մասնակցեց Սիրիայի խորհրդարանի նախագահը՝ պաշտոնական պատվիրակությամբ: Իսկ եթե ձեր հարցը վերաբերում է պետական հայտարարության դա քաղաքական ակտ է, որը քաղաքական անհրաժեշտության և
նպատակահարմարության հետ կապ ունի: Սակայն սա չի նշանակում, որ մենք միայն լուռ սպասողներ ենք:
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարցը Սիրիայի խորհրդարանում և քաղաքական բարձրագույն պատասխանատուների ու մարմինների մոտ բարձրացվում է այսօր, երեկ և անընդմեջ:
Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ Սիրիական տագնապի բերումով Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար Հայաստանը կարող է նաև միջազգային օժանդակություն ստանալ: «Այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում կան դժվար պայմաններում ապրող սիրիահայեր , կա միջազգային պարտավորություն` այդ ընտրանքներին օժանդակելու»,- նշեց նա:
Սիրիահայ պատգամավորը, անդրադառնալով Հայաստան-Սիրիա հարաբերություններին, նշեց, որ դրանք ավելի ջերմ և սերտ են, քան որեւէ այլ երկրի և ժողովրդի հետ, որովհետև այդ կապերը հիմնված են խորարմատ պատմական հարաբերութունների վրա: «Մասնավորաբար Ցեղասպանության տարիներին թուրքական յաթաղանից ճողոպրած հայ տարագիրներին հյուրընկալելով ու օգնության ձեռք երկարելով և փոխադարձաբար հայ ժողովրդի երախտագիտությունն ու անսակարկ նվիրմամբ՝ Սիրիայի ծաղկման և բարգավաճման հարցում: Սիրիան Հայաստանին համարում է ոչ միայն բարեկամ, այլ բարեկամից շատ ավելի մոտ երկիր՝ իր պետությամբ և ժողովրդով: Այդ կապը հաստատ միշտ ամուր և ջերմ կմնա և հավատում եմ, որ այն օրըստօրե կզարգանա և կկարգավորվի»,- նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում:










