Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատապարտյալներից մեկն ազատ է արձակվել

11:39 • 23.09.17

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված  Հայկ Հարությունյանն ազատ է արձակվել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից. «Պայմանական վաղաժամկետ ազատմամբ  «Սևան» ՔԿՀ-ից Հայկ Հարությունյանն ազատել է արձակվել»:

Հայկ Հարությունյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել էր խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով և առանց իրացնելու նպատակի` ապօրինի պահել է զգալի չափով հոգեմետ նյութ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ 4-րդ հոդվածով՝ և 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Հայկ Հակոբի Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներում և դատապարտել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման 4 տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 6 ամիս ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` պատիժների լրիվ գումարման սկզբունքի կիրառմամբ` ամբաստանյալ Հայկ Հարությունյանի նկատմամբ պատիժ էր նշանակել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով: Հայկ Հարությունյանի պատժի սկիզբը հաշվվել է 2013թ. նոյեմբերի 5-ից:

Հիշեցնենք, որ գործով դատապարտվել էր 14 քաղաքացի, որոնցից երեքն արդեն ազատության մեջ են՝ Հայկ Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը: