Իրաքյան Քուրդիստանի հետ օդային ու ցամաքային սահմանը փակելու համար Թուրքիան մոտ ապագայում վճռական քայլեր կձեռնարկի. երկրի վարչապետ

18:52 • 25.09.17

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան Իրաքյան Քուրդիստանի հետ կապված ցանկացած հարցի շուրջ այժմ կապ է հաստատելու միայն պաշտոնական Բաղդադի հետ, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:

«Մեր գործընկերը միայն Բաղդադն է լինելու: Այժմ պատերազմի չենք գնում, մեր քաղաքացիները թող հանգիստ լինեն, ռազմավարական կարևորության գործողություններ ենք իրականացնում սահմանի վրա», - մանրամասնել է Յըլդըրըմը՝ հավելելով, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների համառությունը հիմք է նախապատրաստում թեժ բախումների համար:

Նա նաև հավելել է, որ Իրաքյան Քուրդիստանի հետ օդային ու ցամաքային սահմանը փակելու համար Թուրքիան մոտ ապագայում վճռական քայլեր կձեռնարկի:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ այսօր Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվե է, որին մասնակցելու իրավունք ունի 5 մլն 200 հազ. ընտրող: Նշենք, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու:

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել էին հետաձգել հանրաքվեն: Նա, սակայն, հայտարարել էր, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան չառաջարեն այլընտրանք: Բարզանին սեպտեմբերի 14-ին հայտնել է, որ ստացել է նման այլընտրանք Արևմուտքի մի շարք երկրներից, բայց հանրաքվեի անցկացման հարցերով բարձրագույն հանձնաժողովն ավելի ուշ մերժել է առաջարկը:

Իրաքյան Քուրդիստանի հետ օդային ու ցամաքային սահմանը փակելու համար Թուրքիան մոտ ապագայում վճռական քայլեր կձեռնարկի. երկրի վարչապետ