Մերկելը խոստովանել է, որ ավելի լավ արդյունքներ էր ակնկալում Բունդեսթագի ընտրություններում

09:22 • 25.09.17

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անգելա Մերկելը խոստովանել է, որ ավելի լավ արդյունքների հույս ուներ Բունդեսթագի ընտրություններում: Նա հայտարարել է այդ մասին՝ ելույթ ունենալով իր կուսակցության գլխավոր գրասենյակում էքզիթ-փոլերի տվյալների հայտարարումից հետո, հայտնում է ТАСС-ը:


«Իհարկե, մենք ավելի լավ արդյունքների հույս ունեինք, դա ակնհայտ է»,- ասել է նա՝ հիշեցնելով մարտահրավերների մասին, որոնց կառավարությունը ստիպված է եղել բախվել վերջին տարիներին:


Որպես առաջնահերթություն՝ նա անվանել է տնտեսության ամրապնդումը, Եվրամիութան միասնության ապահովումը և անօրինական ներգաղթի սահմանափակումը:


Մերկելը նշել է նաև, որ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը լուծել է իր ռազմավարական խնդիրը և դարձել է Բունդեսթագում ամենախոշոր ուժը:


Նշենք, որ ինչպես հայտարարել է Գերմանիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ բոլոր 299 ընտրական շրջանների ձայների հաշվարկից հետո, Մերկելի գլխավորած դաշինքը հաղթանակ է տարել Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում: Ընդհանուր առմամբ, Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն:


Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը ստացել է ձայների 33 տոկոսը, երկրորդ տեղում է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20,5 տոկոս ձայնով, առաջին անգամ խորհրդարան է անցել «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությունը՝ 12,6 տոկոս ձայնով:


Հինգ տոկոսի սահմանն են հաղթահարել նաև Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Ձախերը» և «Կանաչները»:


Հայտնի է նաև, որ ընդլայնվել է Բունդեսթագի նոր կազմի տեղերի քանակը, այն ունենալու է 709 տեղ: