Անկախության հանրաքվեն կավելացնի անկայունությունը և կհանգեցնի Քուրդիստանի շրջանի ու նրա ժողովրդի վիճակի վատացմանը. ԱՄՆ Պետդեպ
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն արձագանքել է սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության վերաբերյալ հանրաքվեին՝ տարածելով համապատասխան հայտարարություն: Մասնավորապես՝ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիզեր Նոյերթն ասել է, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է անկախության հանրաքվեի անցկացմամբ:
«Միացյալ Նահանգների՝ Իրաքյան Քուրդիստանի ժողովրդի հետ պատմականորեն ունեցած հարաբերությունները չեն փոխվի պարտադիր ուժ չունեցող հանրաքվեի պատճառով, բայց մենք համոզված ենք, որ այս քայլը կավելացնի անկայունությունն ու կհանգեցնի Քուրդիստանի շրջանի ու նրա ժողովրդի վիճակի վատացմանը: Միակողմանի հանրաքվեն մեծապես կբարդացնի Քուրդիստանի շրջանային կառավարության հարաբերությունները թե՛ Իրանի, թե՛ հարևան պետությունների իշխանությունների հետ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը դեռևս ավարտված չէ, ու ծայրահեղական խմբավորումները դեռևս փորձում են վտանգել կայունությունն ու տարաձայնություններ առաջացնել»,-ասվում է Նոյերթի հայտարարությունում:
Պետքարտուղարության խոսնակը հանուն բոլոր իրաքցիների ապագայի կողմերին կառուցողական բանակցություններ սկսելու կոչ է արել:
«Միացյալ Նահանգները դեմ է բռնությանն ու սահմանները փոփոխելու վերաբերյալ միակողմանի քայլերին: Միացյալ Նահանգներն աջակցում է միասնական, դաշնային, ժողովրդավար ու բարգավաճ Իրաքին»,-եզրափակել է Պետքարտուղարության խոսնակը:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 5 մլն 200 հազ. ընտրող: Նշվում է, որ թուրքմենների մեծ մասը բոյկոտել է հանրաքվեն, մեծ ակտիվություն չեն ցուցաբերել նաև Քիրկուկի արաբները, մինչդեռ քիրկուկցի քրդերը վճռականորեն օգտագործել են իրենց ձայնը:
Նշենք, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել էին հետաձգել հանրաքվեն: Նա, սակայն, հայտարարել էր, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան չառաջարեն այլընտրանք:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր Իրաքյան Քուրդիստանին՝ հայտարարելով, որ մի գիշեր կարող են անսպասելի խուժել երկրի տարածք:










