Իսրայելը պետական մակարդակով ոչինչ չի ձեռնարկել ինձ ազատ արձակելու համար. Լապշին

12:54 • 26.09.17

Ադրբեջանից վերջերս հեռացած բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր puerrtto.livejournal.com բլոգում հայտնել է, որ չնայած հանրության ներսում տարածված կարծիքին՝ Իսրայելը պետական մակարդակով գործողություններ չի ձեռնարկել իր ազատ արձակման համար, և նշել է, որ դրա պատճառն Ադրբեջանի հետ երկրի հարաբերությունները չփչացնելու ցանկությունն է եղել:


«Իսրայելական ռուսախոս համայնքները քննարկում են այն, թե իբր Իսրայելը հերթական անգամ իր անփույթ քաղաքացուն է փրկել ի վնաս ազգային շահերի: Ես չէի ուզենա բարձրացնել այդ հարցը, քանի որ այն շատ մութ է և ոչ միանշանակ: Ձեզ պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ Իսրայելը պետական մակարդակով ոչինչ չի ձեռնարկել ինձ փրկելու համար՝ լինի դա բելառուսական բանտում, թե ադրբեջանական բանտում գտնվելու ընթացքում»,- գրել է Լապշինը:


Բլոգերը նշել է, որ չնայած իրեն այցելել են Իսրայելի հյուպատոսները՝ դա նրանք արել են իրենց պարտականությունների շրջանակներում, քանի որ նրանք օրենքով պարտավոր են հյուպատոսական օգնություն տրամադրել իրենց երկրի քաղաքացուն: Դրանից բացի, Իսրայելը ոչինչ չի ձեռնարկել, և դրա համար նա երեք պատճառ է նշել:


Լապշինը հիշեցրել է, որ Ադրբեջանն այս տարի Իսրայելի հետ մոտ 5 միլիարդ դոլարի սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագրեր է կնքել և դարձել է տեղի ռազմաարդյունաբերական համալիրի գլխավոր հաճախորդներից մեկը:

Բացի այդ, Ադրբեջանը մինչ այժմ չի մարել նախկինում մատակարարված սպառազինության պարտքը՝ նավթի գների անկման պատճառով:

Լապշինը նաև նշել է, որ անգամ ադրբեջանական դատավճռից հետո իրեն ընդունելով՝ Իսրայելը շատ դժվար դրության մեջ կհայտնվեր: Տեղի դատարանը, վերանայելով Լեռնային Ղարաբաղ իր այցելությունների մասին գործը, մեծ հավանականությամբ իրեն արդարացնելու էր՝ «մեղմ ասած՝ ոչ ադեկվատ ճանաչելով ադրբեջանական դատավճիռը»: Դրան ավելանալու էր նաև Իսրայելում հանրային արձագանքը, որն Ադրբեջանի և Իսրայելի քաղաքացու նկատմամբ նրա դատավճռի օգտին չէ ձևավորվել:


«Ինչպես կարելի է ենթադրել՝ նման մասշտաբային պայմանագրեր ստանալը հեշտ չէ, իսկ դրանք կարելի է կորցնել մեկ վայրկյանում՝ օրինակ խոսելով ի պաշտպանություն ադրբեջանական բանտում անօրինական կերպով հայտնված բլոգերի: Կամ նրան վերցնելով, բայց ադրբեջանական վճիռն ուժը կորցրած ճանաչելով»,- գրել է Լապշինը՝ հավելելով, որ դա ոչ թե իր ենթադրություններն են, այլ աղբյուրներից ստացած տեղեկատվություն:


Նա նշել է, որ Իսրայելը որոշել է այդ իրավիճակում ոչ մի գործողություն չձեռնարկել: Սակայն հանգամանքներն Իսրայելի օգտին էին, քանի որ Ադրբեջանը ցանկանում էր ազատվել Լապշինի բեռից:


«Նրանք վստահ էին, որ հենց լինի դատավճիռը, նրանք ինձ անմիջապես կուղարկեն իմ քաղաքացիության երկրներից մեկը (Իսրայել կամ ՌԴ), բայց դրա փոխարեն ես շարունակում էի մնալ նրանց բանտում և նրանց համար գլխացավանք ստեղծել: Ինձ գաղութ ուղարկել, որտեղ հազարավոր կալանավորներ կան, նրանք նույնպես չէին կարող. ինձ այնտեղ պարզապես կսպանեին իմ գործի առանձնահատկությունների, ինչպես նաև հենց Բաքվում իշխանության անկայունության և երկրի գլխավոր աթոռի համար կլանների լուրջ պայքարի պատճառով»,- գրել է Լապշինը:


Բլոգերի խոսքով՝ նախագահ Իլհամ Ալիևը պարզապես չգիտեր՝ ինչպես ազատվել իրենից, իսկ Իսրայելին մնում էր միայն հանգիստ սպասել, մինչև Ադրբեջանն ինքնուրույն ելք գտնի ստեղծված իրավիճակից: Արդյունքում Բաքվում որոշել են բեմադրել իր ինքնասպանությունը, այնուհետև ներում շնորհել նրան:


«Ո՛չ, ինձ Իսրայելը որպես պետություն չի օգնել: Առանձին մարդիկ, Քնեսետի պատգամավորներ, հանրային գործիչներ, լրագրողներ ձեռնարկել են հնարավորինս ամեն բան: Նրանց շնորհակալություն, բայց ոչ Իսրայել պետությանը, որը, առանց վիրավորելու եմ ասում, ինձ վաճառեց պաշտպանական պայմանագրի դիմաց: Երևի թե այդպես կվարվեր ցանկացած պետություն՝ լիներ դա Իսրայելը, Ամերիկան կամ Շվեդիան»,- եզրափակել է բլոգերը:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայել:


Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:


Դատախազը խնդրել էր Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով:


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին:


Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:


ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։