Վերջին 4 տարիներին Հայաստանում ավելացել է ԵՄ կողմնակիցների թիվը, ովքեր հիմնականում 18-45 տարեկան կանայք են. հարցում
2014թ.-ից ի վեր Հայաստանում ավելացել է Եվրամիության կողմնակիցների թիվը: Այս մասին այսօր հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ ներկայացնելով հարցման արդյունքները, որոնք կատարվել են 2014թ.-ից ի վեր ամեն ամիս՝ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից:
Հարցումն անցկացվել է Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում՝ Երևանում: Հարցվածները 18 տարեկանից բարձր անձինք են եղել, հարցման մեթոդն ընտրվել է քանակականը: Հարցմանը մասնակցել է նույն թվով կին ու տղամարդ:
«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Սարգսյանը նախ ներկայացրեց 2017թ.-ի հետազոտության արդյունքները՝ նշելով, որ Եվրամիության կողմնակիցները 33 տոկոս են, նրանք ցանկանում են, որ Հայաստանն անդամակցի Եվրամիությանը, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կողմնակիցները հարցվածների 32 տոկոսն են եղել: Միաժամանակ երկու կառույցներին անդամակցելուն կողմ է եղել 12 տոկոսը, իսկ 10 տոկոսը՝ ոչ մի կառույցին կողնակից չէ, մնացած 12 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել, իսկ 1 տոկոսն ընդհանրապես հրաժարվել է պատասխանից:
«2014-2017թթ.-ի համեմատություն եթե կատարենք, ապա կտեսնեք, որ Եվրամիության կողմնակիցների թիվն աճում է, ԵԱՏՄ-ինը՝ նվազում: 2014թ.-ին ԵԱՏՄ կողմնակիցները հարցվածների 38 տոկոսն էին, բայց 2017թ.-ին՝ 32 տոկոս: Ըստ հարցման տվյալների՝ 2014-2017թթ.-ին ամենից շատ Եվրամիությանը կողմ են արտահայտվել 2016թ.-ին՝ 44 տոկոսը, իսկ ԵԱՏՄ-ին նախորդ տարի կողմնակից է եղել 25 տոկոսը: Պատճառը, մեր կարծիքով, ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա տրամադրելու փաստն է եղել: Այս տարի այդ քննարկումներն այդքան բուռն չեն, դրա համար ԵԱՏՄ-ի ավելի շատ կողմնակիցներ կան այս տարի, քան նախորդ տարի»,- մանրամասնեց Սարգսյանը:
Վերջինս նկատեց, որ հարցման համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունը ասոցացվում է Ռուսաստանի հետ և նրանք, ովքեր դեմ են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը, ՌԴ-ին չեն համարում Հայաստանի համար բարեկամական երկիր:
Հետաքրքրական է, որ հարցման տվյալներով՝ գրեթե բոլոր մարզերում ԵՄ կողմնակիցների թիվն աճում է: Ամենից շատ Եվրամիության անդամակցությանը կողմ են Երևանում, ապա՝ Տավուշում, Շիրակում: Իսկ ԵԱՏՄ կողմնակիցների մեծամասնությունը Լոռու մարզում է (50 տոկոս) ու Վայոց ձորի մարզում (45.8 տոկոս), որտեղ նախորդ տարիների համեմատ ԵԱՏՄ կողմնակիցների թիվն աճել է:
«Մարզերում նկատել ենք ևս մեկ հետաքրքիր դինամիկա: Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզերում, օրինակ, կողմ չեն այս կամ այն բլոկին, նրանք բոլորին են դեմ կամ բոլորին կողմ են, հստակ դիրքորոշում՝ ի տարբերություն մյուս մարզերի, չունեն»,- հավելեց նա:
Հետազոտությունը նաև պարզել է, թե ովքեր են ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին կողմ մարդիկ: Պարզվում է, որ Եվրամիության կողմնակիցները հիմնականում 18-45 տարեկան մարդիկ են, մեծամասնությունը՝ իգական սեռի, բնակվում են հիմնականում մարզերի քաղաքային բնակավայրերում, Երևանում, ստանում են 150 հազար դրամ և ավելի աշխատավարձ:
Իսկ Եվրասիական տնտեսական միության կողմնակիցները 45 տարեկանից բարձր մարդիկ են, հիմնականում՝ արական սեռի ներկայացուցիչներ, տղամարդիկ, ովքեր բնակվում են գյուղերում և ամսական մինչև 150 հազար դրամ եկամուտ ունեն:
«2014-2017թթ.-ին դինամիկան գրեթե նույնն է եղել, անփոփոխ է՝ կանայք ավելի շատ են կողմնակից եղել ԵՄ-ին, իսկ տղամարդիկ՝ ԵԱՏՄ-ին, նույնը՝ տարիքային խմբերին է վերաբերում, 45 տարեկան և ավելի անձինք ԵԱՏՄ-ին են կողմ, ավելի ցածր՝ ԵՄ-ին: Որոշ փոփոխություններ նկատվել են 2015-2016թթ.-ին, բայց 2017թ.-ին ամեն ինչ վերականգնվել է: Ի դեպ, 35 հազար դրամ աշխատավարձ ստացողները ԵՄ-ին ու ԵԱՏՄ-ին հավասարապես են կողմ, կեսը՝ ԵՄ-ին, կեսը՝ ԵԱՏՄ-ին»,- ասաց նա:
Բնակչության կողմնորոշումների վրա, որպես կանոն, ազդեցություն են ունեցել զանգվածային լրատվության միջոցները: Հարցումը պարզել է, որ տեղեկատվություն ստանալու աղբյուրներից օգտվողներից ամենաշատը Եվրասիական միությանն են կողմ հեռուստատեսություն դիտողները, իսկ ԵՄ-ին կողմ են տպագիր և էլեկտրոնային մամուլի ընթերցողները:
«Հեռուստատեսություն նայողների 28 տոկոսը Եվրամիության կողմնակից է, 35.2 տոկոսը՝ ԵԱՏՄ, ռադիոյի պարագայում հավասարաչափ է բաշխված՝ 23-ական տոկոս: Նրանք, ովքեր տպագիր մամուլ են կարդում, նրանց 50 տոկոսը Եվրամիության կողմնակից է, իսկ ԵԱՏՄ կողմնակիցներ տպագիր մամուլի ընթերցողների շարքում չկան: Ինտերնետային մամուլի ընթերցողի 37.5 տոկոսը ԵՄ կողմնակից է, 22.8 տոկոսը՝ ԵԱՏՄ-ի»,- մանրամասնեց Սարգսյանը:










