Հյու Հեֆների արտասովոր ու ցոփ կյանքը. իսկական Playboy-ը, որը սեքսի և կանանց հանդեպ սերը վերածեց համաշխարհային կայսրության (լուսանկարներ)
ԱՄՆ-ում 91 տարեկանում մահացել է տղամարդկանց կուլտային Playboy ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հյու Հեֆները: Ինչպես հայտնել են Playboy Enterprises-ում, Հեֆները մահացել է Լոս Անջելեսում գտնվող իր տանը, գրում է The Daily Mail-ը:
«Հայրս ապրում էր որպես զանգվածային լրատվամիջոցների և մշակույթի առաջամարտիկ, որը կանգնած է եղել ժամանակակից աշխարհի ամենանշանակալի սոցիալական և մշակութային շարժումներից մի քանիսի հետևում՝ ի պաշտպանություն խոսքի ազատության, քաղաքացիական իրավունքների և սեռական ազատության»,- People ամսագրին ասել է Հյու Հեֆների որդին՝ Playboy Enterprises-ի գեղարվեստական տնօրեն Կուպեր Հեֆները:
Հեֆները ծնվել է 1926 թվականին, Չիկագոյում, հավատացյալ ընտանիքում, որտեղ սեքսի մասին երբեք չէր խոսվում: Հեֆների խոսքով՝ ընտանիքում ծնողները երբեք չէին ցույց տալիս սերը ո՛չ ֆիզիկական, ո՛չ էմոցիոնալ առումով:
«Իմ այսպիսին լինելու պատճառը մասամբ իմ շատ խորը պուրիտանական արմատներն են»,- ասել էր նա AP գործակալությանը 2011 թվականին:
Ինչպես գրում է կայքը, իր բրենդի խորհրդանիշը դարձած ճագարների նկատմամբ սերը սկսվել էր մանկական վերմակը զարդարող նկարներից: Տարիներ անց Ֆլորիդա Քիս արշիպելագում վտանգված կենդանատեսակների ցանկում ընդգրկված ճագարի մի ենթատեսակ անվանվեց նրա անունով՝ Sylvilagus palustris hefneri:
Հեֆներն ինը տարեկանում սկսել է թերթ «հրատարակել» հարևանության համար, որը նա վաճառում էր մեկ համարը՝ մեկ պեննիով: Իսկ արդեն Playboy ամսագրի առաջին համարը պատրաստել է 1953 թվականին, սեփական խոհանոցում՝ շապիկին մերկ Մերիլին Մոնրոյի լուսանկարներով։ Այդ տարիներին հարկ է նշել, որ Միացյալ Նահանգները դեռ արգելում էր հակաբեղմնավորիչները, իսկ «հղի» բառը դեռ չէր թույլատրվում օգտագործել հեռուստասերիալներում:
Առաջին համարի հրատարակման համար Հեֆները ստիպված է եղել պարտքով գումար վերցնել, այդ թվում՝ իր մորից: Այն անգամ ամսաթիվ չուներ նշված, քանի որ Հեֆները կասկածում էր, որ ամսագիրը երկրորդ համար կունենա: Որոշ ժամանակ անց, սակայն, Playboy-ը դարձավ աշխարհում տղամարդկանց ամենավաճառվող ամսագիրը:
Ամսագրի հայտնիության գագաթնակետին՝ 1970-ականներին, Playboy-ի տպաքանակը հասնում էր 7 միլիոնի: Վերջին տարիներին, սակայն, ամսագրի տպաքանակն արդեն չէր գերազանցում 800 հազարը:
Ինքը՝ հայտնի ամսագրի լեգենդար հիմնադիրն իրեն համարում էր 1960-70-ականների սեքսուալ հեղափոխության ոգեշնչողը:
Հեֆներն իր վարած կյանքի շնորհիվ դարձել էր իր պաշտպանած կենսակերպի վառ խորհրդանիշ: Տասնամյակներ շարունակ նա աստղերի և Playboy-ի մոդելների հետ երեկույթների անբաժան մասնակից էր: Իր խոսքով՝ նա սեռական հարաբերություն է ունեցել ավելի քան 1.000 կնոջ հետ, այդ թվում՝ իր ամսագրում լուսանկարված շատ մոդելների:
Հեֆներն ամուսնացած է եղել 3 անգամ, նա չորս երեխա ունի երկու տարբեր կանանցից:
Չորս տարի առաջ Հեֆները երրորդ անգամ ամուսնացել է Playboy-ի մոդելներից մեկի՝ Քրիստալ Հարիսի հետ, որը 60 տարով փոքր է նրանից:
Ինչպես նշվում է Playboy Enterprises, Inc. ընկերության կայքում տեղադրված հաղորդագրությունում՝ Հեֆների կարողությունը գնահատվում է 43 միլիոն դոլար:































