Այժմ Թուրքիայի գլխացավանքն ավելի մեծ է, քան Բաքվին ծառայություն մատուցելու ցանկությունը, բայց դա չի նշանակում, որ ԼՂ հարցն իրենց օրակարգում չէ. քաղաքագետ (տեսանյութ)

13:03 • 02.10.17

Թուրքիային և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացումը չի կարող դուրս մնալ ՀՀ-ի ուշադրությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Նրա գնահատմամբ՝ ներկայումս ՌԴ-ն փորձում է օգտագործել Թուրքիան-ԱՄՆ, Թուրքիա-ԵՄ խնդիրները։

«Ռուսաստանը փորձում է օգտագործել Թուրքիայի «обида»-ները, այսինքն՝ Թուրքիան-ԱՄՆ, Թուրքիա-ԵՄ խնդիրները: ՌԴ-ն փորձում է իր կողմ քաշել Թուրքիային՝ թուլացնելով Արևմուտքին: Այս կտրվածքով՝ Պուտին-Էրդողան օրակարգը բավականին հագեցած է եղել, հայտարարվեց, որ քննարկվել է Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը: Սակայն կարծում եմ, որ Թուրքիային չի անհանգստացրել միայն Սիրիայում տիրող իրավիճակը, այլև անհանգստացնող է Քրդստանի հանրաքվեն, որտեղ Թուրքիայի համար անցանկալի զարգացումներ եղան»,- ասաց Սաֆարյանը:

Քաղաքագետը նկատեց, որ Թուրքիայի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են պատժիչ գործողություններ անել քրդերի անկախացման հանրաքվե անցկացնողների նկատմամբ: Ստյոպա Սաֆարյանը գտնում է, Թուրքիայի կողմից վտանգ կա, որը կարող է լինել նաև միջնորդավորված:

«Չենք կարող ասել՝ Թուրքիան կգործի Սիրիայի՞, թե՞ Իրաքի ուղղությամբ, սակայն Թուրքիան այս պահին մի ճանապարհ ունի՝ օգտագործել այն խմբերը, որոնց օգտագործում էր ԻՊ-ում կամ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Մենք պետք է նման զարգացումների սպասենք, որքան էլ ԱՄՆ-ն կամ այլ երկրներն նախազգուշացրել են, որ չդիմեն ռազմական գործողությունների»,- ընդգծեց քաղաքագետը:

Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ այս պահին Թուրքիայի ու Բաղդադի շահերը համընկնում են, իսկ նրանց նպատակն է, որ Քրդստանի դե յուրե անկախությունը, դե ֆակտո չդառնա: Սաֆարյանը հավելեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը քննարկվել են նաև «Թուրքական հոսքի» հետ կապված հարցերը:

«Քննարկվել է նաև ատոմակայանի կառուցման հարցը, որը սառեցված էր թուրք-ռուսական գժտության արդյունքում: Ասել, որ այս պահին ՀՀ-ին վերաբերող խնդիրներ են քննարկվել նախագահների հանդիպմանը, ճիշտ չի լինի: Այս պահին Թուրքիայի գլխացավանքն ավելի մեծ է, քան Ադրբեջանի ծառայություն մատուցելու ցանկությունը: Բայց սա դեռ չի նշանակում, որ Արցախի հիմնախնդիրը դուրս է թուրքական օրակարգից: Թուրքիայի ԱԳ նախարարը մեկ անգամ չի ասել, որ Թուրքիան ու ՌԴ-ն ունեն որոշում Ղարաբաղի հարցով»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը: 

 

ՀեղինակԱնի Օհանյան
Այժմ Թուրքիայի գլխացավանքն ավելի մեծ է, քան Բաքվին ծառայություն մատուցելու ցանկությունը, բայց դա չի նշանակում, որ ԼՂ հարցն իրենց օրակարգում չէ. քաղաքագետ (տեսանյութ)